Aysor.am-ը գրում է.
Երեկ՝ մայիսի 2-ին, շվեդական Էրիքսոն Գլոբ արենայի բեմում Եվրատեսիլ 2016-ի շրջանակներում կայացավ Հայաստանը ներկայացնող գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանի առաջին փորձնական ելույթը: Բեմում երգչուհու ազատ հագ ու կապը ոմանց անտարբեր թողեց, ոմանց՝ հիացրեց, ոմանց համար էլ անընդունելի եղավ: Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը՝ լինելով ակտիվ օգտատեր, ով տարբեր հարցերի շուրջ սեփական տիրույթում բարձրաձայնում է իր կարծիքը, այս անգամ ևս ֆեյսբուկյան իր էջում գրառում կատարեց՝ մասնավորապես նշելով. «Մենակ հայ կինը հետևը բաց աշխարհին չէր ներկայացել, էն էլ եղավ»: Սա ռեժիսորի մասնագիտակա՞ն, թե՞ հայ տղամարդու պահպանողական գնահատականն էր:
«Եթե ուշադիր լինեն, կնկատեն, որ ասածիս մեջ մի քիչ սարկազմ կար, և ոչ թե անձնական վիրավորանք կամ մասնագիտական մոտեցում: «Տատական« հումորով մի խոսք կա. «Այ բալա, էս ի՞նչ ես հագել». ես հենց այդ մոտիվներով էլ գրել եմ: Նպատակս բոլորովին այն չէր, որ խոսքս տարածվի, մտերիմներս գիտեն, որ շոու աշխարհից հեռու մարդ եմ: Նույնիսկ խնդրել եմ, որ առանց իմ թույլտվության գրածներս չտարածեն: Իսկ իմ՝ մոտ 5000 ընկերներին արդեն համարում եմ հարազատ մարդիկ, որոնց հետ կարծիքներով փոխանակվում ենք և երբեք չենք հատում անձնական վիրավորանքի սահմանը: Անձնական վիրավորանք ես չեմ հանդուրժի»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Եղոյանը:
Անդրադառնալով գրառմանը՝ նկատեցինք, որ Իվետա Մուկուչյանը միակը չէ, հայն աշխարհին ներկայացել, նույնիսկ՝ երբեմն հպարտացել է Քիմ Քարդաշյանով: «Ինքս Քիմ Քարդաշյանով երբեք չեմ հպարտացել, նրա Հայաստան եկած օրերին Հանրապետության հրապարակով անցնելիս նույնիսկ ամաչել եմ՝ լսելով, թե երիտասարդներն ինչպես են աղաղակում, լացում, ուզում նրան տեսնել, նմանվել: Ինչպե՜ս էին նրան դիմավորում, իսկ Շարլ Ազնավուրի պես մեծությանը… Թեև չեմ ժխտի, որ նա օգտակար եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով արված քայլերով: Իհարկե, նրա կատարած գործն ավելի մեծ է այս հարցում, քան նյութիս տակ անհարկի մեկնաբանություններ արած, բազմոցին նստած, չկայացած «հերոսների» գոռում գոչյունները: Իվետային ինձանի՞ց եք պաշտպանում, ես էլ նրա թշնամի՞ն էի… Վստահ եմ, նրանցից շատերը Հայաստանը տարբեր հարթակներում ներկայացնող ամեն մի ներկայացուցչի հետ չեն անհանգստանում, երկրպագում, սրտատրոփ սպասում հայկական դրոշի ծածանմանը՝ ինչպես ես: Համոզված եղեք, Իվետայի համար էլ նույնն եմ անելու, հոգեպես իր կողքին եմ լինելու ու սպասելու հաղթանակին: Չար քոմենթ գրողների վրա ես չեմ բարկանում ու չարանում, ուղղակի երբեմն նեղվում եմ ու Աստծուն խնդրում՝ նրանց ճիշտ ճանապարհի վրա դնել»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Դիտարկմանը, որ նրա գրառման տակ տարբեր կայքերում տարատեսակ մեկնաբանություններ եղան՝ երբեմն հասնելով անձնական վիրավորանքի, ու շատերն էլ հենց նրան հակադարձեցին՝ ասելով, որ իր գրածն էլ անձնական վիրավորանք է՝ ուղղված Իվետային՝ պատասխանեց. «Նախ, ես չեմ կարծում, որ իմ գրառումը վիրավորել է Իվետային. այս դեպքում «բաց հետույք» արտահայտությունը վիրավորանք չէ, այլ տեսածի արձանագրում »:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում