Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց, որ լեգենդը, թե Երևանում օդի որակը շատ վատն է, քաղաքապետարանի 117 սարքերը հերքում են։ Նա ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ երկու պետական մարմին՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը և քաղաքապետարանը տարբեր տվյալներ են տալիս օդի որակի մասին։ Քաղաքապետի գնահատմամբ՝ այս իրարամերժությունն ամենամեծ խնդիրն է:
Օրագիր.News-ը գրում է, որ կայքի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշել է, որ քաղաքապետը չունի մասնագիտական կրթություն այս առումով և չի կարող հստակ տվյալներ ներկայացնել, թե հիդրոմեդ ծառայությունը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, որոնք շատ մասնագիտացված են այս խնդրում, և որտեղ լուրջ մասնագետներ են աշխատում, սխալ տվյալներ են ներկայացնում։
««Տարիներ շարունակ այս տվյալները եղել են։ Ուղղակի՝ այնպես է ստացվել, որ նախկինում դրա մասին այդքան չեն խոսել։ Բայց հենց մասնագետները նշել են, որ օդի աղտոտվածության առումով՝ իրավիճակը քանի գնում՝ վատթարանում է։
Հիմա բացարձակ մասնագիտական տվյալներով՝ մարդիկ ներկայացնում են այն, ինչ իրականում կա։
Համոզված չեմ, որ քաղաքապետարանի սարքերը նորմալ վիճակում են։ Հնարավորություն կա այդ սարքերը տեխնիկական փոփոխության ենթարկել։ Քաղաքացին սովորական մարդ է, մտնում է, նայում, ասում է՝ սա նորմա է, տեսեք՝ սարքը նորման է ցույց տալիս; Բայց ո՞վ պիտի ստուգի՝ իրենք այդ սարքին ձեռք են տվե՞լ, թե՞ ոչ։ Դա պիտի մասնագետ լինի։ Այնպես որ՝ քաղաքապետը չի կարող մեզ հակառակը համոզել, որովհետև բոլորն էլ հասկանում են՝ մեր քաղաքի վիճակը բավականին վատ է»,- ասաց նա։
Ադամյանի պնդմամբ՝ քաղաքապետն այս քայլով փորձում է այնպես անել, որ Երևանում շարունակվեն քաղաքաշինական ծրագրերը և կանգ չառնեն շինարարական աշխատանքները։
«Քաղաքապետարանը փորձում է առաջ բրդի իր քաղաքաշինական ծրագրերը, այն ծրագրերը, որոնք կիսատ են մնացել, որովհետև եթե այսպես շարունակվի, և հիդրոմեդ ծառայությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացնեն տվյալներ, որոնց համաձայն այսպիսի կրիտիկական վիճակում ենք մենք, ապա հնարավոր է, որ կստեղծվեն լծակներ այս շինարարական բումը քաղաքում կանգնեցնելու։ Եվ որպեսզի այդ շինարարական բումը քաղաքում չկանգնի, և անեն այն, ինչ ուզում են, տան բազմաթիվ շինթույլտվություններ, նման բան են հայտարարում։
Եվ ասեմ՝ բոլորովին վերջերս, շինարարական ընկերության անունը չեմ հիշում, բայց ինչքանով ես եմ տեղեկացված, այդ ընկերությունը քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի, թե քաղաքաշինության կոմիտեի մասնագետին 80 մլն դրամ կաշառք է առաջարկել։ Սա պաշտոնական տվյալներ են, ուղղակի այնտեղ չի նշվում, թե ում է առաջարկվել։ Բռնել են և՛ կաշառք տվողին, և՛ վերցնողին»,-մանրամասնեց Ադամյանը։
Բնապահպանի գնահատմամբ՝ կոռուպցիան շատ բարձր մակարդակի վրա է։ Այդ պատճառով քաղաքապետը փորձելու է բոլոր միջոցներով հերքել քաղաքում առկա այս անելանելի իրավիճակը։
«Ամբողջը կոռուպցիայի հետ է կապված։ Քաղաքապետարանը չի ուզում ընդունել այն, ինչ ասում են մասնագետները։ Չեմ ուզում մեր գործընկերներին վատաբանեմ, ուղղակի՝ չեմ զարմանա, եթե մի ամիս հետո ստիպեն հիդրոմեդ ծառայությանը և ՇՄՆ-ին ասել, որ սխալվել են։
Եթե հիդրոմեդ ծառայությունն իրեն հարգում է, ապա պետք է հանդես գա հերքումով։ Սա մեղադրանք է իր հասցեին։ Նա պետք է խոսի, եթե, իհարկե՝ վերևներից թույլ տան»,- եզրափակեց բնապահպանը։
Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանից։ Սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ։
Կայքը փորձեց կապ հաստատեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի հետ։ Աշխատակիցը նշեց, որ մեզ հետ կապ կհաստատեն ընդմիջումից հետո։ Սակայն մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեցին։
Նշենք՝ ավելի վաղ մասնագետները հայտնել են, որ Երևանում վերջին ամիսներին օդում փոշու բաղադրությունը գերազանցել է թույլատրելիի շեմը»,-գրում է սկզբնաղբյուրը։