▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի որ մասում էլ ապրեմ, միևնույնն է` միտքս և սիրտս Հայաստանում է. Գրիգոր Դավթյան

Երգիչ- երգահան Գրիգոր Դավթյանը  իր կյանքի կեսը կամ գուցե  և կեսից ավելին ապրել է Ֆրանսիայում, բայց և ոչ մի օր չի օտարացել Հայաստանից։ Շատերը նրան ճանաչում են բեմական մականվամբ՝ Քիշո, ոմանք ծայրից ծայր անգիր գիտեն նրա կատարումներն ու հեղինակած երգերը, ոմանք էլ առ այսօր երկրպագում են հատկապես «Վերջին նամակը» երգը, սակայն քչերը կարող են պնդել, որ ճանաչում են զգացմունքային, հայրենասեր և իր գործի նվիրյալ Գրգոր Դավթյանին։

Դուք երկար տարիներ  ապրել եք Ֆրանսիայում։ Ի՞նչու հենց Ֆրանսիա։

-Իմ տատը և պապը ցեղասպանությունից փրկվելով ապաստան են գտել հենց Ֆրանսիայում։ Այս երկիրն էր նրանց համար դարձել երկրորդ հայրենիք։ Ֆրանսիայի Մարսել քաղաքը իմ նախնիների վերածննդի, փրկության քաղաքն է եղել։ Մարսելում է ծնվել մայրս, ում մանկության ջերմ հուշերը Ֆրանսիայի հետ էին կապված։ Հետագայում, արդեն ԽՍՀՄ-ի օրոք, շատ հայրենադարձների հետ Հայաստան վերադարձան նաև նրանք։ Այդպես Ֆրանսիան իմ մեջ տպավորվեց և երբ հնարավորություն ընձեռնվեց աշխատել արտերկրում մեկնեցի նախնիներիս փրկության երկիր։

 

Ինչպես ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

-Այս հարցում նույնպես մեծ ազդեցություն ունեցավ ընտանիքս։ Մորս, ով  երիտասարդ տարիներին զբաղվել է պրոֆեսիոնալ երգով, զրնգուն ձայն ուներ և մեր տանից հաճախ էր լսվում գուսանական, ժողովրդական երգ։ Պապս նույնպես երաժիշտ էր, այնպես որ մեծացել եմ երաժշտական մթնոլորտում։ Շուտով պարզվեց ես էլ ունեմ երաժշտական տվյալներ և այդպես շարունակվեց։ Մանկությանս տարիների ելույթներ մանկական տարբեր միջոցառումներին, պիոներական ճամբարներում, ապա ավելի պատասխանատու բեմեր, մենահամերգներ, շրջագայություններ։

 Այդ տարիներին շրջագայելը դժվար էր, հատկապես անհատների համար , ի՞նչպես էր Ձեզ հաջողվում։

- Այո, իսկապես քչերին էին թողնում հատել սահմանը։ Շատերը կհիշեն, ասում էին «երկաթե վարագույր»։  Սկզբնական շրջանում հաճախ շրջագայում էի  երգի և պարի տարբեր համույթների և անսամբլների կոլեկտիվների հետ, ապա հաճախակիացան նաև մասնավոր հրավերները  Եվրոպայի տարբեր քաղաքներից։

Կենդանի կատարումը դարձել է հազվադեպ հանդիպող երևույթ, ենթադրում եմ, որ այդ տարիների կենդանի կատարման պահանջը խիստ էր դրված։

-Շատ ճիշտ են ենթադրում, այո կատարումները բացառապես կենդանի էին ։ Ի դեպ, ասեմ, այդ տարիներին նույնիսկ ձայնագրություններին միջամտելը շատ դժվար բան էր։ Այսօր լրիվ այլ է , ցանկացած «ֆալշ» նոտան կարողանում են մշակել  (ծիծաղում է)։

 

Դուք հեղինակել ենք շուրջ 30 երգ։ Բոլորը չեմ լսել, սակայն առանձնապես հաճախ հանդիպում եմ «Վերջին նամակը» երգին։

-Անկեղծ ասած ես էլ այդ երգին շատ հաճախ եմ հանդիպում (ծիծաղում է)։ «Վերջին նամակը» երգը շատ սիրվեց ոչ միայն հանդիսատեսի, այլ նաև կատարողների կողմից  և առ այսօր շարունակում է մնալ շատ երգիչների երգացանկում։ Դա  է պատճառը, որ առավել հաճախ հանդիպող երգը հենց սա է։ Գիտեք այս երգը գրել եմ մեկ օրում, նույնիսկ մի քանի ժամում։ Ինչպես ասում են ստացվեց։

Դուք երկար տարիներ ապրել եք Փարիզում, այնտեղ էլ՝ ստեղծագործել։ Գրեթե չկա երկիր, որտեղ ելույթ չեք ունեցել։ Հանդիսատեսի տարբերություն, ըստ ձեզ, կ՞ա։

– Որ երկրում էլ ելույթ եմ ունենում, իմ ունկնդիրների զգալի մասը հայեր են։ Դժվար չէ կռահել, որ հայկական երգը առավելապես հայերին է հոգեհարազատ, թեև ունեմ երգեր, որոնք սիրված են նաև այլազգի երաժշտասերների շրջանում։ Սփյուռքի հանդիսատեսը, այո, մի փոքր ավելի տարբեր է։ Հայկական երգը օտար ափերում ապրող հայի համար հայրենիքից կարոտը հագեցնելու միջոց է նաև։

Այսօր նույնպես շրջագայում եք, հաճախ Հայաստանում չեք լինում։ Չունե՞ք  Հայաստանում մշտապես բնակվելու մտադրություն ։

- Իհարկե, ունեմ։ Հայաստանում շատ հաճախ եմ լինում, ապրում եմ տևական ժամանակ, սակայն երգիչը պետք է նաև շրջագայի։ Աշխարհի, որ մասում  էլ ապրեմ  միևնույնն է միտքս և սիրտս Հայաստանում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее