-ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` իր խոսքում ռուսերեն շատ բառեր օգտագործելը, կարծում եմ, PR տարր է:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի ղեկավար Աստղիկ Ավետիսյանն` անդրադառնալով այն երևույթին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաճախ է իր խոսքում ռուսերեն բառեր է օգտագործում և հաճախ էլ ներողություն է խնդրում իր «ակցենտի» համար:
«Մեր հասարակության մեջ բոլորն էլ տիրապետում են ռուսերենին, հայ հասարակությունը ունի նաև մի հատված, որն ամբողջությամբ ռուսաֆիկացված է: Սա խոսում է այն մասին, որ մարդը, ով գիտեր անգլերեն և հայերեն, փորձել է ուսումնասիրել նաև ռուսերենը: Երբ դու գնում ես մեծ լսարանի մոտ հանդիպաման և մեծ լսարանի առաջ, պետք է ելույթ ունենաս, ուրեմն պետք է հաշվի առնես այդ լսարանի պահանջները: Այս դեպքում, կարծում եմ, որ այդ ուղղությամբ հատուկ ուսումնասիրություն արվել է»,- բացատրեց Ա. Ավետիսյանը:
Ըստ նրա` նախագահի նախկին թեկնածուն նախընտրական և հետընտրական շրջանում կիրառել և կիրառում է մի շարք PR տեխնոլոգիաներ: Առաջին տեխնոլոգիան, որը կիրառվեց նրա կողմից, այն էր, որ նա դեմ առ դեմ հանդիպեց մարդկանց հետ, ձեռքսեղմումներով բարևեց: «Դա, ըստ էության, շատ նորմալ է, որովհետև յուրաքանչյուր մարդ ներքուստ ուզում է ուշադրության կենտրոնում լինի: Արդյունքում բարևների մասին անեկդոտներ հորինվեցին, ակցիաներ կազմակերպեցին և այլն: Այսինքն` այդ քայլն իր էֆֆեկտիվությունն ունեցավ և դա կարող ենք դրական գնահատել»,-նշեց PR մասնագետը:
Երկրորդ տեխնոլոգիան, որը մինչև այսօր Հայաստանում չէր կիրառվել, ըստբ Ա. Ավետիսյանի, այն էր, որ նա, իբրև պատգամավորի թեկնածու, հրաժարվեց իր պատգամավորական մանդատից, հետո` որպես անկախ մարդ, ներկայացավ որպես նախագաի թեկնածու:
«Մյուսը կարևոր բանը, որ նրա ելույթներում հնչում է, դա այն է, որ նախագահի նախկին թեկնածուն հանդես է գալիս քաղաքացիական հասարակության անունից և կուսակցականությունը շատ մեջ չի բերում, ասում է` վայր դրեք ձեր դրոշակները, բայց շատ է կարևորում քաղաքացիական հասարակության դերը, որը ևս ինչ-որ առումով PR տեխնոլոգիա է»,- կարևորեց Ա. Ավետիսյանը:
Ըստ նրա` մյուս կարևոր տարրը երիտասարդության հետ կապված լուրջ աշխատանքն է: Դասադուլների դրական և բացասական ազդեցությունների մասին չխոսելով` պետք է նշել, որ առաջին անգամ ուսանողությունը համախմբվում է, և այդ քայլը օգտագործվում է որպես PR գործիք: Ըստ Ա. Ավետիսյանի` սա կարևորվում է, որովհետև, կարծես թե, վերջին տարիներին սա առաջին դեպքն է:
«Մեկ այլ կարևոր հանգամանք: Րաֆֆի Հովհաննիսյանի կինը և երեխաները ամեն անգամ իր կողքին են կանգած. դա ընտանիքի ամրության հիմքն է: Սա տեխնոլոգիա է ,որը կիրառվում է և սրա ազդեցությունը բավականին մեծ է»,- նշեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի ղեկավար: