«Երեկ գործնականում վերջնաժամկետն էր, երբ Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալու մասին պայմանագիրը կարող էր ներկայացվել Ղազախստանի խորհրդարանին։ Մինչդեռ երեկ հայտնի դարձավ, որ վերջնագիծը հատվել է, պայմանագիրը չի ներկայացվել Ղազախստանի խորհրդարան։
Իհարկե, պայմանագիրը ներկայացնելը դեռ չէր էլ նշանակում, թե այն անմիջապես շրջանառության մեջ կդրվեր, առավել եւս՝ Մեջլիսի առաջիկա նիստում կքննարկվեր, էլ ուր մնաց քննարկումները մի օրում ավարտվեին, վերապահումներ եւ առարկություններ չլինեին, եւ պայմանագիրն էլ հաստատվեր, ուղարկվեր Սենատ: Նման հեքիաթ անգամ Գրիմ եղբայրների երկերում չի պատահում: Բայց հրաշալին այն է, որ Հայաստանի պայմանագիրն առհասարակ չի էլ ներկայացվել Մեջլիսին, երբ դրանից հետո էլ դեռ կա Սենատ: Ղազախստանի Սահմանադրության համաձայն՝ այդ երկրի խորհրդարանը կազմված է երկու պալատներից՝ Մեջլիս եւ Սենատ: Դարձյալ համաձայն Սահմանադրության (ռեգլամենտի)՝ Մեջլիսի նիստեր գումարվում են չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին: Ելնելով այդ դրվածքից, ամեն ուրբաթ, բնականաբար նաեւ երեկ, Մեջլիսի կայքում հրապարակվում է օրինագծերի ցանկը, որոնք մուտք են արվել Մեջլիս եւ առաջիկա մի քանի ամսում քննարկվելու են։ Ինչպես ասվեցմ Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալու մասին փաստաթուղթն արդեն չկար երեկ հրապարակված ցանկում։
Այժմ նույնիսկ եթե Հայաստանի պայմանագիրը հաջորդ ուրբաթ օրվա, այսինքն՝ դեկտեմբերի 19-ի ցանկով Մեջլիսում դրվի շրջանառության մեջ, դրան հաջորդող չորեքշաբթի կամ հինգշաբթի օրն էլ՝ դեկտեմբերի 24-25-ին Մեջլիսում նիստեր լինեն եւ պայմանագիրը քննարկվի, նույնիսկ հավանություն տրվի, այն այլեւս չի հասցնի Սենատում քննարկվել։ Սենատի վերջին նիստը դեկտեմբերի 25-ին է։ Դրանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է պայմանագիրը վավերացված լիներ Մեջլիսում, որպեսզի ուղարկվեր Սենատ։ Այժմ այդ ամենն անհնար է։ Այդքանով էլ Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալը գործնականում տապաված է»:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Հրապարակ» թերթի այսօրվա համարում