▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Վահրամյանը բացահայտում է, թե ինչպես է լավ նկարը հանցագործին լավ մարդ դարձնում

«Հավատարիմ մնալ ինքդ քեզ ու լինել ազնիվ». ահա այս կարգախոսով թե՛ կյանքում, թե՛իր ստեղծագործական գործունեության մեջ առաջնորդվող նկարիչ Արմեն Վահրամյանի ձեռագիրը յուրօրինակ ու միաժամանակ չափազանց գրավիչ է: Նրա կտավներն աչքի են ընկնում իրենց անհատականությամբ, ինչը վկայում է այն մասին, որ նկարչին իսկապես հաջողվել է կերտել ուրույն ձեռագիր: Սեփական նկարների մասին այնքան էլ խոսել չսիրող Արմեն Վահրամյանը Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում պատմել է իր ստեղծագործական գործունեության, արվեստի մասին ունեցած իր պատկերացումների, իր նկարների հերոսների, ստեղծագործական փոքրիկ «գաղտնիքների», ցուցահանդեսների մասին և ոչ միայն:

-Ձեր նկարչության մեջ կան և՛ բնանկարներ, և՛ գեղանկարներ, և՛ գրաֆիկա: Իսկ ունե՞ք արդյոք նախընտրելի թեմա, որը Ձեր նկարչության անբաժան մասն է կազմում:  

-Մարդ, կյանք, ընտանիք, սեր... Ահա իմ նկարների հիմնական թեմաները: Ես փորձում եմ ստեղծել հիմնականում այնպիսի նկարներ, որոնք դրական զգացմունքներ կառաջացնեն մարդկանց մոտ: Ստեղծում եմ ավելի երազային նկարներ, չէ՞ որ անկախ տարիքից՝ մեզանից յուրաքանչյուրն ապրում է իր երազով, ունի իր ստեղծած հեքիաթը: Ես իմ նկարներով փորձում եմ մարդկանց մեջ բարի զգացումներ սերմանել, քանի որ ասում են, որ լավ նկարը կարող է հանցագործին լավ մարդ դարձնել:

-Ձեր նկարներում հաճախ կարելի է հանդիպել թռչող կերպարների: Ի՞նչ են դրանք խորհրդանշում:

-Թռչող կերպարն ինձ համար վերելք է խորհրդանշում, մարդու հոգու վերելքը: Ի վերջո, թռիչքի շնորհիվ է մարդը կարողանում գնալ իր երազների աշխարհը, քանի որ թռիչքի ժամանակ մարդն ավելի մեծ տարածություն է կարողանում անցնել: Իսկ ես իմ նկարներում պատկերում եմ հենց այդ երազը, որին էլ մարդիկ ձգտում են:

-Լինու՞մ են դեպքեր, երբ սկսում եք նկարել, սակայն այդպես էլ ավարտին չեք հասցնում նկարը:

-Նման դեպքեր շատ են լինում: Իմ արվեստանցում կան նկարներ, որոնց կողքով անցնելիս անընդհատ նայում եմ դրանց և մտածում, թե իրականում ինչ նկարներ պետք է դրանք լինեն վերջում, ինչ տեսք պետք է ունենան վերջում: Այդ զգացումը հաճախ եմ ունենում, կարող եմ ասել՝ նույնիսկ, որ ամեն 3-րդ կամ 4-րդ նկարը ստեղծելիս: Նկարչի պրոֆեսիոնալիզմը դրսևորվում է հենց այս դեպքում, երբ նա կարողանում է հասկանալ՝ արդյո՞ք նկարն ավարտված է: Կան նկարներ, որոնց վրա աշխատում եմ նույնիսկ ամիսներ: Լինում են նաև դեպքեր, երբ նայում եմ նկարին ու մտածում եմ, որ ինչ-որ բան չի հերիքում: Սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում, ցույց է տալիս՝ արդյո՞ք  պետք է որևէ բան ավելացնել նկարին, թե ոչ:

-Ու՞մ կարելի է համարել Արմեն Վահանյանի ուսուցիչները, որոնք նրա՝ որպես նկարչի կայացման գործում մեծ դեր են խաղացել:

-Ես այն մարդկանցից եմ, ովքեր անընդհատ սովորում են ու չեն վախենում այդ մասին բարձրաձայնելուց: Բնականաբար, որպես արվեստագետ՝ ունեմ իմ սիրելի նկարիչները, սակայն վստահ կարող եմ ասել, որ շատ բան սովորել ու սովորում եմ երեխաներից: Նրանք ունեն այնպիսի անկեղծություն, որն իսկապես պակասում է մեզ՝ ավելի հասուն մարդկանց: Պետք է նշեմ նաև, որ բնությունն ամենալավ ուսուցիչն է, որից շատ բան կարող ես սովորել: Իմ նկարներում այն մեծ տեղ է զբաղեցնում, որը, թերևս, պայմանավորված է նրանով, որ ծնվել ու մեծացել եմ Լոռիում, որն ունի չքնաղ բնություն, որից մինչ օրս էլ չեմ կտրվել: Իսկ, առահասարակ, արվեստն այնպիսի տիեզերական տեղ է, որտեղ գնում ես այնքան գնալու տեղ է լինում, ուր անընդհատ կարելի է շարժվել:

-Ի՞նչ կարծիք ունեք մեր երիատասարդ նկարիչների մասին:

-Հստակ կարող եմ ասել, որ ունենք հրաշալի սերունդ: Մենք ավելի դասական նկարչության ավանդները շարունակողներն ենք, չնայած յուրաքանչյուր նկարիչ պետք է տիրապետի դրան, սակայն մեր երիտասարդները շատ ավելի հնարամիտ են, քան մեծերը, կարողանում են ստեղծել նկարներ, որոնք տեխնիկապես հագեցած են:

- Գաղտնիք չէ, որ ցանկացած նկարչի կյանքում կարևոր են ցուցահանդեսները: Ի՞նչ են դրանք տալիս Ձեզ:

-Ցուցահանդեսներ շատ եմ ունեցել տարբեր երկրներում՝ Հայաստանում, Շոտլանդիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Կանադայում, Նյու Յորքում, Ֆրանսիայում: Հստակ կարող եմ նշել, որ ցուցահանդեսը մեծ դեր ունի արվեստագետի ստեղծագործական կյանքում: Այն հնարավորություն է տալիս նկարչին մի սրահում տեսնել իր տարիների աշխատանքը, հասկանալ, թե ինչ բարձունքների է հասել այդ ընթացքում, հասկանալ այն բացթողումները, որ ունեցել է: Նշեմ, որ փետրվարի  8-ին Արամի 42/1 հասցեում գտնվող  «Ժան-Պոլ» էքզիստենցյալ սրճարանում տեղի է ունենալու իմ նկարների հերթական ցուցահանդեսը:

-Մեզանից յուրաքանչյուրի մոտ էլ լինում են դեպքեր, երբ հոգնում ենք մեր՝ սովորական դարձած առօրյայից, աշխատանքից և ցանկանում ենք որոշ ժամանակ դադար վերցել:  Ձեր դեպքում լինու՞մ են նման դադարներ:

-Ես սկսել եմ ստեղծագործել շատ վաղ հասակից, նույնիսկ դժվարանում էլ եմ նշել կոնկրետ տարիք: Նկարչությունն ինձ համար դարձել է մի բան, առանց որի կյանքս չեմ կարողանում պատկերացնել: Եթե ինձ հնարավորություն տրվեր մի անգամ ևս այս կյանքն ապրեի, ես էլի կըտրեի նկարչի իմ կոչումը, այո: Կոչում, քանի որ նկարչությունն ինձ համար մասնագիտություն չէ: Չնայած այս ամենին՝ ես էլ սովորական մարդ եմ, ով երբեմն հանգստի կարիք է ունենում: Նույնիսկ եղել է շրջան, որ մի քանի տարի չեմ ստեղծագործել, սակայն հստակ իմացել եմ, որ դա ընդամենը պահ է: Ես նկարիչ եմ ի ծնե, դա իմ կոչումն է:

-Հայտնի է, որ լավ արվեստագետները ստեղծում են իրենց ուրույն ձեռագիրը, որով մարդիկ նրանց հեշտությամբ կարողանում են տարբերել: Ի՞նչ եք կարծում ինչո՞վ են առանձնանում Ձեր նկարները:

-Կան մարդիկ, որոնք ամբողջ կյանքում նկարում են, սակայն նրանց այդպես էլ չի հաջողվում ստեղծել իրենց ձեռագիրը: Կարող եմ հստակ ասել, որ ինձ հաջողվել է ստեղծել իմ ուրույն ձեռագիրը, քանի որ այն մարդիկ, ովքեր մի անգամ տեսել են իմ նկարները, դրանք հաստատ տարբերում են: Մի բան է, երբ դու նկարում ես քո երազը, մեկ այլ բան, երբ մարդը քո նկարի միջոցով տեսնում է իր հեքիաթը, որն ունի հոգու խորքում: Այն, որ իմ նկարները տարբերվում են իրենց ոճով, պայամանվորված է, թերևս, հենց սրանով, որ մարդիկ իրենց հեքիաթն են գտնում իմ նկարներում: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Արմեն Վահրամյանի պաշտոնական կայքից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее