▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի․․․1 տոկոսը»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը․ «Երեկ մեծ ուրախությամբ իմացա, որ Բրյուսելում Փաշինյանը հաջողություն է ունեցել։ Միայն 2024-ին մենք ԵՄ-ից կստանանք 67.5 մլն եվրո (270-ը բաժանած 4-ի), ԱՄՆ-ից ևս 65 մլն դոլար և 7 մլն դոլար արցախահայությանը։ Այսինքն ընդամենը 140 մլն դոլար։ Լավ է, կարող սա էլ չլիներ։ Շնորհակալություն։ Բայց ռուսներին ինչի՞ եք կպնում։ 2024-ին Ռուսաստանից դրամական ներհոսքը կկազմի 14 մլրդ դոլար (5 մլրդ դոլարի տրանսֆերտ, 8 մլրդ դոլարի արտահանում և 1 մլրդ դոլարի վառելիքի սուբսիդիա)։ Արևմուտքի տվածը կազմում է Ռուսաստանից եկածի...1 տոկոսը»։

***

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ «բարձր մակարդակի հանդիպումը» հստակեցրեց Հայաստանի նկատմամբ Արևմուտքի որդեգրած քաղաքականությունը։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Եվրոհանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լյայենի ելույթները, խոշոր հաշվով, ուրվագծում են կոլեկտիվ Արևմուտքի պատկերացրած Հարավային Կովկասի ապագան հետևյալ կերպ.
1. Արցախի հարցը, ըստ իրենց, այլևս գոյություն չունի. այն ստացել է ռազմական (ցեղասպանական) լուծում, որն իբր միշտ անհնար էին համարում նույն գերտերությունները։ 
2. Ըստ կոլեկտիվ Արևմուտքի, Արցախի հարցից մնացել է մեկ բաղադրիչ՝ ինտեգրել արցախցի գաղթականներին ՀՀ-ում։
3. Ադրբեջանը որևԷ պատասխանատվություն չի կրելու Արցախում իրագործած ցեղասպանության համար։ Ընդհակառակը, Արցախը համարվում է Ադրբեջան և վերջ։
3. Հայաստանը պետք է տնտեսապես ու քաղաքականապես ինտեգրվի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ։ Այս տարածաշրջանային ինտեգրացիայի գլխավոր տեսուչ է նշանակվում Թուրքիան։ Սա նույնն է, ինչ, եթե 1938-1944 թվականներին Եվրոպայի հրեաներից պահանջեին ինտեգրվել հիտլերական Գերմանիայի հետ, որն իբր խոստանում է ապահովել նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը (ինչպես և Բլինքենը հորդորում է Հայաստանին ինտեգրվել ֆաշիստական Թուրքիայի և Ադրբեջանի հետ)։ 
4. Հայաստանը պետք է հաշտվի պարտվողի կարգավիճակի հետ, կատարի Ադրբեջանի և Թուրքիայի լրացուցիչ պահանջները և մշտապես ենթարկվի նրանց քաղաքական, ռազմական և մշակութային ճնշումներին՝ ընդհուպ մինչև լիակատար ձուլում (թուրքացում) կամ ամբողջական հայաթափում։
5. Հայաստանը շարունակելու է ստանալ Արևմուտքից չնչին տնտեսական աջակցություն։
Ի դեպ, Ադրբեջանի հետ ճիշտ նույն պայմաններով «հաշտեցում» ու «ինտեգրում» է Հայաստանից պահանջում նաև Ռուսաստանը, միայն թե՝ իր հովանու ներքո։ Վերջնարդյունքը երկու դեպքում էլ Հայաստանի կործանումն է և հայաթափումը։
Կրկնում եմ. ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը Հայաստանին անվտանգության երաշխիքներ չեն խոստանում։ Ըստ ամենայնի, նրանք առնվազն 2007-2008 թվականներին միմյանց միջև գաղտնի համաձայնության են եկել Հարավային Կովկասի վերահսկողությունը Թուրքիային (ասել է թե՝ Արևմուտքին և ՆԱՏՕ-ին) հանձնելու մասին։
Ներկա պայմաններում Արևմուտքն ու Ռուսաստանը Հայաստանի դաշնակից լինել չեն կարող։ Հայաստանը պետք է ամբողջությամբ փոխի իր աշխարհառազմավարական պատկերացումներն ու հաշվարկները և անմիջապես սկսի վստահելի դաշնակիցներ փնտրել հարավում և Արևելքում։ Խոսքն, առաջին հերթին, Իրանի Իսլամական Հանրապետության, ապա նաև Հնդկաստանի մասին է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее