Խորհրդային տարիներին արդյունաբերական համակարգի մեջ իր ուրույն տեղն ուներ Գյումրին՝ նախկին Լենինականն՝ իր ավելի քան 50 հսկա արդյունաբերական ձեռնարկություններով, թողարկվող 700 տեսակ արդյունաբերական ապրանքներով՝ ավելի քան 370 մլն ռուբլու շահույթով: Քաղաքը հայտնի էր մեքենաշինական, սարքաշինական, սննդի, թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերական ձեռնարկություններով: Բանվորական ներուժը անցնում էր 40.000-ից, իսկ որոշ արդյունաբերական ճյուղերում քաղաքը Խորհրդային Հայաստանի արդյունաբերական համակարգում իր արտադրանքի ծավալով լրացնում էր 55 տոկոսի շեմը:
Այսօր այդ ամենից գրեթե ոչինչ չի մնացել, Գյումրին ՀՀ ամենաաղքատ քաղաքն է, որտեղ պահպանված նախկին արդյունաբերական գործարանների մնացորդները գործում են իրենց երբեմնի հզորության առավելագույնը 20-30 տոկոսի չափով: Անկախության առաջին տարիներին գործարաններն արագ լիկվիդացվեցին ու փոշիացվեցին: Գյումրեցին այդ տարիներն անվանում է «ալան-թալանի» տարիներ ու չի փորձում ո՛չ փնտրել, ո՛չ էլ գտնել մեղավորների. բոլորն էլ գիտեն փոշիացնողներին էլ, թալանչիներին էլ: Այժմ գյումրեցու համար առաջնահերթը իր օրվա հացի գոյապայքարն է՝ հույսը միայն Աստծո վրա դրած՝ տեղում կամ արտագնա աշխատանքի եղանակով: 2014-ի հունիսին փորձ արվեց կոտրել արդյունաբերական այս մռայլ մթնոլորտը: Հոլանդահայ Մասիսը եկավ Գյումրի ու ստեղծեց «Արիատեքս» կարի ձեռնարկությունը՝ 50 աշխատատեղով: Բայց այսօր արդեն «Արիատեքսը» անհայտ պատճառներով չի գործում:
Բավական տարօրինակ ու մի քիչ էլ «կուրիոզային» է շաքարի գործարանի գործունեությունը, որն արդեն ինչքան ժամանակ է՝ կա՛մ բացվում է, կա՛մ վերաբացվում, սակայն դրա օգուտը քաղաքը, կարելի է ասել, չի տեսել: Այս զավեշտալի իրավիճակը վերլուծաբաններն ու տնտեսագետները մեկնաբանում են իրացման շուկայի սահմանափակությամբ՝ երեւի մոռանալով, թե իշխանական որ օլիգարխն է ներկրում շաքարն ու շաքարավազը, եւ հանուն ում գերշահույթների է «անշնչացվում» այս արդյունաբերական ձեռնարկը:
Քանի ամիս է՝ փակ է «Քարմշակմեքենա» գործարանը: 2-3 ամիս առաջ գործարանի ղեկավարությունը 10-15 օրով ժամանակավոր պարապուրդային արձակուրդ տրամադրեց իր բանվորներին: Այս գործարանը տարիներ շարունակ գործակցել է Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ եւ չի ունեցել ո՛չ պատվերների, ո՛չ էլ իրացման շուկայի խնդիր: 2015 թ. համար գործարանը ստացել է կես միլիոն դոլարի պատվեր, սակայն ուշացել են կանխավճարները, ու արդյունքում գործարանը կանգնել է փաստի առաջ:
Այս ամենով հանդերձ, 2014 թ. Շիրակի մարզը տվել է 48 միլիարդ դրամի արդյունաբերական արտադրանք, որը 14 տոկոսով ավել է 2013 թ.-ից (2013 թ. կազմել է 42 միլիարդ դրամ): Մարզում այսօր գործում է մոտ 100 փոքր ու միջին ձեռնարկություն, հիմնականում սննդի, տեքստիլ արդյունաբերական ճյուղերի եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Դրանց մի մասը հայտնի է նաեւ ՀՀ-ից դուրս: Սակայն Գյումրիում ու մարզում կատաստրոֆիկ բարձր է մնում գործազրկության մակարդակը` հասնելով 70 տոկոսի:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում