▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախը մեր հերոսական անցյալի, մեր մաքառումների, սստեղծագործական մտքի անձեռակերտ մատյանն է

Արցախ… պատմական Հայաստանի այդ գեղատեսիլ հատվածը՝ ծվարած լեռների ուսին, ծածկված եդեմական սաղարթներով, բաբախում է յուրաքանչյուր հայի սրտում, հատկապես, երբ այդ հայն արդեն մեկ անգամ հասցրել է տեսնել, զգալ այդ հերոսական, սուրբ հողը:

Արցախը մեր հերոսական անցյալի, մեր մաքառումների, սստեղծագործական մտքի անձեռակերտ մատյանն է, պատմության քառուղիների հնոցում թրծված սուրը, որը վերջին անգամ փայլատակեց քսան տարի առաջ և որը, ավաղ, դեռ պատյան չի դրվել:

Գորիսի լեռները հատելուց հետո, առջևում բացվում է Արցախը՝ Շուշվա դյութազնական դարպասով. քիչ հետո երևում է Ղազանչեցոց եկեղեցին, որը քաջերի կոթող դարձած աղոթքն է առ Աստված, դա Քրիստոնեական հավատքի և հերոսական ոգեկոչման տաճարն է՝ դաջված Արցախ աշխարհի սրտում: Այսպես է սկսվում այդ փոքրիկ, բայց հսկայական խորհրդով երկիրը՝ սիգապանծ լեռներով եզերված ու զմրուխտափեշ լանջերով գոտևորված փոքրիկ հայրենիքը:

Երբ իջնում ես Ստեփանակերտ հոգումդ մի արտասովոր անդորր է հանգրվանում, ամեն ինչ խաղաղ է: Դժվար է պատկերացնել, որ ընդամենը քսան տարի առաջ այստեղ հրանոթներ էին որոտում, արկեր՝ պայթում, քանի որ կյանքը եռում է, մարդիկ շենացնում են իրենց պահպանած երկիրը, նրանք արդեն ջնջել են պատերազմի վերքերը, բայց ոչ երբեք մոռացության տվել այն: Արցախցին զգոն է, սահմանները՝ պաշտպանված: Այս երկիրը կայացած երկիր է բոլոր առումներով, իր լեռների նման հպարտ է ու անառիկ:

Շրջում ես Արցախով ու մտորում. ի՞նչն է այս հողի յուրահատուկ ուժի պատճառը, որտեղից է գալիս այսքան խորը համակրանքը դրա նկատմամբ. բնությունը՞, մարդի՞կ, պատմական հուշակոթողները՞: Կարելի է ասել՝ սրանցից բոլորը և միաժամանակ ոչ մեկը, որովհետև դա դարերի կանչն է, որ հնչում է հայրենասիրական երգի նման, և դրանց ռիթմերի միաձույլը գիտակցական աշխարհի հետ սրտումդ մշտարթուն քայլերգ են խարանում, որը ժամանակ առ ժամանակ հնչում է, պոռթկում ու նորից խաղաղվում:

Գանձասարի երկնաձույլ կերպարը, Քթիշի հպարտ ու անառիկ տեսքը, Տիգրանակերտի հազարամյակների ոգին ավելի են ուրվագծում այս երկրամասի ամբողջական հմայքը: Այս ամենը հոգևոր ուժով ավելի են քեզ կապում այդ հողին ու ստիպում որ կրես այն քո սրտում ու հոգում, հավերժ…

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее