▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Աթեշյանին արգահատելուց առաջ հիշենք Մեսրոպ Մութաֆյանին, Հրանտ Դինքին...

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը,  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր աղմկահարույց  նամակից հետո, քննադատությունների թիրախ է դարձել:

Ոմանք ոչ միայն նրան քննադատում են, այլև՝ դավաճան համարում ու նույնիսկ կոչ անում կարգալույծ անել:

Նրանք, ովքեր ճանաչում  են Արամ Աթեշյանին, տեղյակ են  պոլսահայերի ու Ստամբուլում ապրող հայաստանցիների նկատմամբ իր հոգատար վերաբերմունքից, նրանք, ովքեր պատկերացնում են, թե ինչ է իրենից իրականում  ներկայացնում թուրքական պետությունը, և  «ժողովրդավար» ներկայանալով ինչպես է պատանդի կարգավիճակում պահում  թուրքահայերին ու Ստամբուլում բնակվող հազարավոր հայաստանցիներին, կարծում եմ, որ նման կարծիք չէին կարող հայտնել:

Վստահ եմ, որ սեփական անվան շուրջ աղմուկի մասին խոսել չցանկացող Արամ Աթեշյանը իր նամակը կառուցելիս, որ չի բացառվում պարտադրված է գրել, իրենից առաջ եղած պատրիարքների ասած ու գրած մտքերն է ուսումնասիրել, նրանց «ճանապարհով է  անցել»...Իսկ թե ինչու են Պոլսի հայ  հոգևոր առաջնորդներն այդպես վարվել, մեծ ջանքեր չի պահանջում հասկանալու համար:

Վստահ եմ, որ Արամ Աթեշյանը չէր էլ ուզի անդրադառնալ Բունդեսթագի հայտնի որոշմանը, սակայն թուրքական կառավարությունը գիտի  ոչ միայն լռեցնելու ձևերը, այլ նաև խոսեցնելու մեթոդները: 

Իսկ Պոլսո հայոց պատրիարքները միշտ են լռել...Միակ խոսացողը կամ խոսելու փորձ անողը  Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն էր, ով հայոց ցեղասպանության մասին կտրուկ արտահայտություններից հետո, անհասկանալի պայմաններում հիվանդացավ, անդամալույծ դարձավ ու արդեն քանի տարի մահամերձ վիճակում է՝ զրկված խոսելու և գործելու հնարավորությունից: 

Հիշեցնենք, որ ժամանակին, Արամ Աթեշյանի խոսքերին նման  մտքեր էր հնչեցրել նաեւ հենց Մեսրոպ արք. Մութաֆյանը՝ արժանանալով հայկական շրջանակների խիստ քննադատությանն ու  արգահատանքին։

2006 թվականին, երբ Ֆրանսիան քննարկում էր հայոց  ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, Մեսրոպ պատրիարքը հարցազրույցներից մեկում նշել  էր, թե Թուրքիայի հայերն անհանգստությամբ են հետեւում իրադարձությունների զարգացմանը, եւ նրանք իրենց վրա զգում են օրինագծին թուրքական հակազդեցության դրսեւորումներից բխող ահավոր ճնշումները. «Ինչպիսի փաստարկներ էլ ունենան, անհատի խոսքի ազատությունը սահմանափակող բոլոր նախաձեռնությունները հարված են հասցնելու թուրք եւ հայ հասարակությունների երկխոսությանը եւ երկու կողմերում էլ խրախուսելու են ազգայնամոլ տարրերի հզորացմանը»,-ասել  էր նա։

Ի դեպ, ժամանակին ֆրանսիական օրինագծի հանդեպ նույն կեցվածքն ուներ նաեւ «Ակօսի» խմբագիր Հրանտ Դինքը, ով սպանվեց այդ օրինագծի ընդունումից ամիսներ անց՝ 2007-ին:

Իսկ «Էրգենեքոն»-ի կողմից Թուրքիայի հայերի հանդեպ   նախատեսվող մահափորձերի ցուցակի մասին հայաստանցիները նույնպես տեղյակ են՝ նաեւ դրանցում  պատրիարքի անունի առկայության մասով։

Հիմա մտածենք, թե արյոք հրապարակավ այլ բան կարո՞ղ է ասել թուրքական կապանքներում գործող հայոց պատրիարքական աթոռի ներկայացուցիչը, ով, եթե նույնիսկ իր կյանքի մասին չմտածի, բարոյական պատասխանատվություն է կրում իր համայնքի անվտանգության համար։

Իսկ թուրքական պետությունն այսօր քիչ է տարբերվում հայերի հանդեպ ցեղասպանություն իրագործած Օսմանյան կայսրությունից... Չէր տարբերվում նաև 1955-ին, երբ եվրոպական  քաղաք համարվող ու երեք կայսրությունների մայրաքաղաք եղած  Ստամբուլում կազմակերպվեց հայերի ու հույների ջարդ՝ 1915-ից 40 տարի հետո...

101 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել, Թուրքիայում ապրող հայերի   գլխին կախված սուրը նույն վտանգն է ներկայացնում...

Թուրքիայում ոչ միայն ապրելն, այլ նաև ծառայելն է կրակե շապիկ, որ ժամանակին լավագույնս է  նկարագրել  գրող Վարդգես Պետրոսյանը:  

Մենք մեր հայրենակիցներին չպետք է թողնենք այդ կրակե շապիկի մեջ, կամ գոնե այն կրակը չթեժացնենք, որովհետև ուշ թե շուտ այդ կրակը մարվելու է ու ջրի երես դեռ շատ պատմություններ են դուրս գալու...

 

Հեղինակ՝ 

Ատոմ Գրիգորյան 

Լուսանկարները՝ 

Դավիթ Գալստյանի 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее