lragir.am-ը գրում է. Մոսկվայում կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Նախօրեին ՀՅԴ «Երկիր» թերթում հատկանշական հոդված է հրապարակվել, որտեղ ղարաբաղյան կարգավորման յուրատեսակ ճանապարհային քարտեզ է ներկայացվում՝ Մինսկի խմբի համանախագահների հանդիպում սեպտեմբերի 8-ին, սեպտեմբերի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, իսկ մինչեւ տարեվերջ՝ նախագահների հանդիպում, որտեղ որոշակի բեկում կլինի:
Դաշնակցությունն իշխող կոալիցիայի անդամ է, եւ նրան հավանաբար հայտնի են բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք հասանելի չեն լայն հանրությանը: Սեպտեմբերի 2-ին Ղարաբաղի անկախության օրվա առթիվ կուսակցության ներկայացուցիչները հայտարարություն են տարածել՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը: Պետք է ենթադրել, որ այն համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ: Դիրքորոշումն այն է, որ ցանկացած կարգավորում պետք է ենթադրի Ղարաբաղի անկախություն կամ էլ միավորում Հայաստանի հետ:
Երեկվա հոդվածում ավելի հստակ սխեմա է առաջարկվում. «պատերազմից հրաժարվելու դիմաց զիջումներ» սխեմայից անցում «ընթացիկ կարգավիճակի ճանաչում զիջումների դիմաց» մոդելին:
Դժվար է ասել, թե ինչ զիջումներ է առաջարկում ՀՅԴ-ն: Կուսակցությունն արդեն երկար տարիներ աշխատում է Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ եւ պետք է իմանա, որ շատ երկրներ, որոնք, հնարավոր է, պատրաստ են ճանաչել ԼՂՀ անկախությունը, չեն հասկանում ինչ ճանաչել, եթե Հայաստանն անընդհատ խոսում է զիջումներին պատրաստակամության մասին:
Միջազգային փորձագետները, մասնավորապես Մեթյու Բրայզան, պնդում է, որ խոսքը երկու շրջանների հանձնման մասին է: Ըստ նրա, հունիսին կողմերը համաձայնվել են Պուտինի առաջարկներին: Սակայն դրանից հետո շատ բան է փոխվել: Երեւանում տեղի է ունեցել «Սասնա ծռերի» ապստամբությունը, այսօր հայտարարվել է կառավարության հրաժարականի մասին, եւ միգուցե նոր արտաքին գործերի նախարար նշանակվի: Հարեւան Վրաստանում էլ ՆԱՏՕ-ի Բարձրագույն խորհրդի նիստ է տեղի ունենում, ինչը նշանակում է տարածաշրջանային կոնֆիգուրացիայի լրիվ փոփոխություն:
Այս պայմաններում կարգավորման հին սխեմաների մասին խոսելը, որոնք ենթադրում են զիջումներ ու տեղավորվում են հետխորհրդային մոդելներում, առնվազն խելամիտ չէ: Դա կարող է արդարացվել միայն մի դեպքում, եթե հայկական կողմն առաջարկի, Ադրբեջանը մերժի առաջարկը, եւ Հայաստանը Ղարաբաղը ներկայիս սահմաններում ճանաչելու «բարոյական իրավունք» ստանա:
Այս սխեման վտանգավոր է, որովհետեւ Ադրբեջանը հնարավոր է համաձայնվի, եւ այդ ժամանակ Հայաստանը ստիպված է լինելու «զիջումների» գնալ: Դաշնակցությունը պատրա՞ստ է Ղարաբաղի բնակիչներին բացատրել ցավալի «զիջումների» անհրաժեշտությունը: Թե՞ Դաշնակցությունը միշտ կարող է դուրս գալ կոալիցիայից եւ հրապարակում իրեն սյանը կապել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում