▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անվճար աուդիո գրքեր գրքասերներին՝ «Գրքասեր» կայքում

 

 

 

 

 

 

 

 

Hraparak.am-ը գրում է.

Համաշխարհային գրականության լավագույն գործերն այսուհետ աուդիո տարբերակով հասանելի կլինեն grqaser.org կայքում։ Կայքի հիմնադիրը «Գրքասեր» հասարակական կազմակերպությունն է, որի նպատակն է գիրք լսելու հնարավորություն ընձեռել այն մարդկանց, որոնք ժամանակ չունեն գիրք ընթերցելու կամ տեսողական խնդիրներ ունեն, կամ էլ եթե գիտեն հայերեն խոսել, բայց դժվարանում են կարդալ ու գրել։ Կայքը հիմնադրվել եւ գործարկվել է 2015-ից, բայց, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Գրքասեր» ՀԿ անդամ Գոռ Հարությունյանը, որոշել են հիմա բարձրաձայնել կայքի մասին, քանի որ մինչ այդ ցանկանում էին որոշակի աուդիո գրքերի քանակ կուտակել, որպեսզի կայքի մասին խոսելու առիթն ինքնըստինքյան ստեղծվեր։ Բացի այդ, սա լավ առիթ է եղել հասկանալու համար, թե նմանօրինակ ձեւաչափով ու բովանդակությամբ կայքը որքանով է պահանջարկ վայելում։

Գոռ Հարությունյանը նշում է, որ վերջերս իր ընկերներից մեկը տաքսու վարորդին հարցրել է, թե ինչ է լսում մեքենայում, նա էլ ասել է՝ գրքեր, ու իրեն էլ է խորհուրդ տվել «Գրքասերի» միջոցով գրքեր լսել։ «Փաստորեն, առանց գովազդի էլ մարդիկ գտել ու ձայնագրությունները լսել են»։ Կայքը բոլոր գրքերն անվճար է տեղադրում, որպեսզի մարդկանց հնարավորություն տա ծանոթանալու լավագույն գրական ստեղծագործություններին, բայց «Գրքասերի» կայքն այս պահին անհասանելի է, քանի որ վերակառուցման փուլում է։ Մի քանի օր հետո տեղի կունենա կայքի շնորհանդեսը, ու կայքը հասանելի կդառնա բոլորին։ Շնորհանդեսի ընթացքում նորաստեղծ կայքի մասին առաջինը կներկայացնեն նաեւ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին։ «Այսօրվա դրությամբ երբ նայում ենք կայքի աշխարհագրությունը, թե որ երկրներից են մտնում ու լսում կայքի գրքերը, տեսնում ենք 50-ից ավելի երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից, բայց միեւնույն ժամանակ Եվրոպայից, անգամ Չինաստանից մտնում են ու աուդիո գրքեր լսում։

Շաբաթը մոտավորապես 2-3 պատմվածք ավելանում է կայքում, վեպերի դեպքում ավելի շատ ժամանակ է պետք լինում։ Այս պահի դրությամբ մոտավորապես 100-ից ավելի աուդիո գիրք արդեն տեղադրված է կայքում»,-ասում է Գոռ Հարությունյանն ու նշում, որ կայքում աուդիո տարբերակով արդեն կան այնպիսի գրքեր, ինչպիսիք են «Տարեկանի արտում, անդունդի եզրին», «Գուլիվերի ճամփորդությունը», «Հարյուր տարվա մենությունը», «Ֆարենհայթ 451-ը»։

Հայ գրողներից նույնպես մի քանի ստեղծագործություններ կան։ Ինչ վերաբերում է գրքերի աուդիո ձեւաչափին, ապա կայքում տեղադրված բոլոր աուդիո գրքերը ձայնագրված են հենց «Գրքասերի» նախաձեռնությամբ։ «Այսինքն՝ մենք պատրաստի աուդիո գրքեր չենք վերցրել ու տեղադրել, բոլորը մեր կողմից ձայնագրված գրքեր են։ Նախաձեռնության հիմքում դրված էր նաեւ այն գաղափարը, որ նաեւ ուսանողներին գումար վաստակելու հնարավորություն տրվեր, այսինքն՝ խնդիր դրված չէր, որ հայտնի դերասաններ գան ու կարդան, այլ ուսանողներ, որոնք լավ են ընթերցում, նրանց ձայնն ու խոսքը լավն են։ Այդպիսի մարդկանց տրվել է այդ հնարավորությունը, դրանք հիմնականում Թատերական ինստիտուտի ուսանողներն են եղել։ Հայտնի մարդիկ էլ կան, որոնք արդեն կարդում են հանրայնացնելու նպատակով՝ անվճար հիմունքներով։ Ունենք նաեւ մեկ ուրիշ նախագիծ՝ «Թարգմանում են երեխաները»։

Այնտեղ փոքրիկ պատմություններ են, որ հենց երեխաներն են կարդում, իրենք էլ թարգմանում են ու ձայնագրում»։ Կայքում գերակշիռ մեծամասնությունը լինելու են հենց աուդիո գրքերը, մյուս դեպքերում տեղադրվել ու կտեղադրվեն տարբեր գրական կայքերի հղումներ. ««Գրքասերը» գրքեր չի թվայնացնում, այլ աուդիո է դարձնում դրանք։ Դրանից բացի, գրախանութներում վաճառվող գրականությունը մեր կայքում չկա, ինչո՞ւ, որովհետեւ մենք հիմնականում դասական գործերն ենք ձայնագրում եւ չենք ձայնագրում այն նոր գրքերը, որոնք հիմա լայնորեն թարգմանվում եւ տպագրվում են, այսինքն՝ գրախանութների հանդեպ սեր ունեցողները կարող են շարունակել այդ շուկայից օգտվել»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее