Ապրիլի 7-ի նախօրեին, երբ գրեթե բոլորը զբաղված էին Մայրության տոնի նախապատրաստական աշխատանքներով, Էջմիածնում գտնվող «Մեր տունը» սոցիալ հասարակական կազմակերպությունում, որտեղ իրենց անկյունն են գտել հիմնականում Գավառի մանկատնից դուրս եկած թվով 10 աղջիկ, հարսանիք էր` ամուսնացել է ևս մեկ սան. Անի Ծառուկյանը կանանց տոնը նշեց արդեն իսկ սեփական օջախում:
Նորապսակները տեր և հնազանդ լինելու խոստում են տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:
Այս մասին գրում է esyes.am-ն ու նշում, որ հայկական ավանդական, բայց ոչ շարքային հարսանիք էր, ամենևին ոչ նրա շնորհիվ, որ լրագրողներ կային, պաշտոնյաներ, հայտնի մարդիկ, այլ որ «Մեր տանից» դուրս էին բերում կազմակերպության թվով տասներորդ նորահարսին: Այսպիսով կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանն արդեն տասներորդ անգամ զոքանչ դարձավ. Փեսայի տանն էլ հատուկ պատվոգիր ստացավ որպես պատվավոր զոքանչ:
Հարսնացուի ծնողների տեղը և եկեղեցում, և փեսայի տանը զբաղեցրել էին Տիկին Կարապետյանն ու Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով մշտապես այս կազմակերպության կողքին է և հիմնական բարերարներից:
Մինչ կժամաներ Եղեգնաձորից եկող փեսացուն`Հայկազը, ոչ միայն հարսնացուն, այլև տան մյուս` դեռևս չամուսնացած աղջիկներն ու նրանց մանկավարժները հագած-կապած, գեղեցկացած և ամենակարևորը սրտի թրթիռով ու բնական հուզմունքով ընդունում էին ժամանող հյուրերի շնորհավորանքները և նվերները: