▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենադաժան «Владимирский централ»-ում կտտանքների եմ ենթարկվել, հալածվել և շատ եմ տառապել. Մերուժան Հովհաննիսյան

 

Դեկտեմբերին լույս է տեսել խորհրդային շրջանի քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանի նոր` «Առեղծվածը» երկլեզու վիպակը: Asekose.am-ի հետ զրույցում բանաստեղծը նշեց, որ վիպակն ինքնակենսագրական է, որում ինքն անդրադարձել է իր սիրային պատմությանը: Սակայն ներկայումս սիրո թեման չէ, որ մտահոգում է Մերուժան Հովհաննիսյանին: Ըստ բանաստեղծի` իր գլխավոր անհանգստությունը երկրի վիճակին է վերաբերում:

«Երկրում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով` կարող եմ ասել, որ պարզ է դառնում, թե ինչպիսին է մեր` քաղաքացիներիս նկատմամբ երկրի վերաբերմունքը: Հայաստանը մեկուսացման մեջ է, մեր նկատմամբ որևէ բարոյական դրսևորում չկա, ՀԱՊԿ-ի երկրներն արհամարհում են մեզ: Իսկ ինչու՞ ենք մենք արհամարված, գոնե որևէ մեկը մտածե՞լ է այս մասին և այն մասին, որ մեր երկրում տեղի ունեցածը խայտառակություն է, ներքին իրավիճակը ծանր է, սոցիալական աղետ կա, ներքաղաքական առումով էլ կուսակցությունները միմյանց հոշոտում են: Հարց է առաջանում` երկիրն ու՞ր է գնում, և ե՞րբ ենք դուրս գալու այս անորոշությունից:  Ունենք նաև առաջնորդի խնդիր, քանի որ նրան արհամարհում են Բելառուսիան, Ղազախստանը և այլ պետություններ, այն դեպքում որ դրանք կոչված էին մեզ օգնելու: Անելանելի վիճակ է, ներկուսակցական խայտառակ իրավիճակ, անհեռանկար ընտրություններ, շրջափակված երկիր, ի վերջո, ինչպե՞ս կարող ենք հաղթել Ադրբեջանին, երբ նա բազմակողմանի բարեկամներ ունի, իսկ մենք բազմակողմանի թշնամիներ (այդ թվում` պատմական),  ի դեմս Վրաստանի` ունենք կասկածելի հարևան, Իրանը չեզոք դիրքորոշում ունի, Ռուսաստանն էլ ավելի շատ բարեկամ է համարում Ադրբեջանին, քան Հայաստանին: Որպես մտավորական` ես մեծ ցավ եմ ապրում»:

Մերուժան Հովհաննիսյանի խոսքով` մտավորականների մասնակցությունը հասարակական-քաղաքացիական, ինչպես նաև քաղաքական կյանքի մեջ պետք է լինի.

«Օրըստօրե մեր երկրում պակասում է արդարությունը, ժողովուրդն ընդվզում է, ըմբոստանում է, «Սասնա ծռերը» ձերբակալված են, բայց չէ՞ որ այս երկիրն ունի ժողովուրդ, որն ապրել է ուզում, իսկ ինչպե՞ս ապրել անհեռանկար երկրում: Այս հարցերը պետք է բարձրացնեն մտավորականները, սակայն նրանք լուռ են, մի մասը քծնողի դերում են,  մյուս մասն էլ բացարձակ համր է դարձել: Մտավորականները պետք է շատ ակտիվ լինեն, սակայն գնացեք և տեսեք, թե քանի մտավորական կա ցուցարանների շարքում: Ես միշտ մասնակցում եմ, քանի որ հայրենասեր եմ և չեմ կարող նրանց թողնել մենության մեջ: Ես իմ հույսը դրել եմ երիտասարդության վրա, մեր սերունդն հեռացող սերունդ է, ոչինչ չտեսանք, հետապնդվեցինք, հալածվեցինք:  Չմոռանանք, որ ես ինքս էլ ժամանակին եղել եմ ամենադաժան համարվող Վլադիմիր բանտում, երգ կա այդ մասին` «Владимирский централ»: Տառապանք եմ տեսել, կտտանքների եմ ենթարկվել, հալածել են, քաղցած են թողել: Հավելեմ, որ բանտում էի հայտնվել քաղաքական, հակասովետական քարոզի համար:  Նժդեհի վախճանից հետո առաջին քաղբանտարկյալն էի, բանտարկված էի հենց  այն խցում, որտեղ իր հոգին ավանդել էր Նժդեհը»-նշեց Մերուժան Հովհաննիսյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее