ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահին Զ. Փոստանջյանի ուղղած հարցը բուռն արձագանք գտավ մեր հասարակության մեջ: Սակայն մտահոգիչն այն է, որ այդ արձագանքներում նկատվում է ավելի շատ զգացմունքայնություն, քան որոշակի սթափություն: Բանն այն է, որ Փոստանջյանի հնչեցրած հարցը հասարակությունը ընկալում է անձնավորվածության դիրքերից, մինչդեռ խնդիրն ավելի խորն է: Սկզբունքորեն բացառված չէ, որ այդ հարցը Փոստանջյանի փոխարեն կարող էր և մեկ ուրիշը տալ, ուստի խնդիրը ոչ թե հարց տվողի անձի մեջ է, այլ` երևույթի: Ասել կուզեմ, որ պետք է բոյկոտել ոչ թե Փոստանջյան անհատին, այլ` «փոստանջյանիզմ» երևույթը:
Ներքաղաքական կնճիռները արտաքին լսարան տեղափոխելուց առաջ պետք է մտածել, թե որքանով է այն շահեկան պետության ու հավաքական զարգացումների տեսանկյունից: Ավելին, կարծում եմ, Փոստանջյանը հակաօրինական ոչինչ չի արել, սակայն ամեն օրինական քայլ չէ, որ վկայում է իրագործողի ազնվության, պետականանվիրության և ժողովրդասիրության մասին կամ, այլ խոսքով, քայլի օրինականությունը չի սրբագործում քայլի հնարավոր հակապետականությունը: Իսկ սա նշանակում է, որ պետք է մտածենք ոչ թե սեփական իրավունքներից պատեհ-անպատեհ օգտվելու, այլ դրանք հավաքական շահին չհակադրելու մասին:
Ֆեյսբուք