Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկումների առարկա է դարձել «GK Brand» ընկերության կողմից ստեղծված Հայաստանի «Հավերժական արև» տարբերանշանը, որի արժողությունը կազմում է 400.000 դոլար: Համացանցային օգտատերերի կարծիքներն իրարամերժ են, սակայն գերակշռողը հիմնականում բացասկան արձագանքն է: Asekose.am-ը զրուցել է դիզայներ Արա Ասլանյանի հետ՝ պարզելու նրա տեսակետը տվյալ թեմայի շուրջ:
«Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ այն, ինչ ներկայացվել է, լոգո չէ, ինչպես որ մարդիկ անվանում են: Այստեղ թեման, ընդհանուր առմամբ, բրենդինգն է: Պետք է տարբերել լոգոն բրենդից: Ամեն երկիր ունենում է իր բրենդը, որը որ չի ավարտվում միայն լոգոյով: Այն շատ տարբեր կողմեր ունի: Օրինակ, ցանկացած երկրի բրենդի կարգախոսը պետք է օրենքով լուրջ մշակված լինի, ծառայի իր նպատակին և այլն»:
Նախ պետք է հասկանալ, թե «Հավերժական արև» տարբերանշանն ինչ խնդիր է լուծում, որտեղ է այն օգտագործվելու: Որպես դիզայներ, պետք է նշեմ, որ մեր ազգային բրենդն ահավոր անհաջող և անգրագետ է արված: Գունային համադրությունները, տառատեսակը և ձևը շատ անհաջող են, դիլետանտի տպավորություն են թողնում: Իհարկե, սա իմ անձնական կարծիքն է, որը կարող է չհամընկնել շատերի կարծիքի հետ:
Անդրադառնալով տարբերանշանի ստեղծման համար նախատեսված գումարին` դիզայները նշեց.
«Եթե այդ 400.000 դոլարը դիտարկենք որպես ինվիստիցա, որը մեզ հետագայում կբերի միլիարդներ, ապա, իհարկե, շատ լավ է, ու շատ տեղին էր ազգային բրենդի ստեղծումը: Բայց եթե նայում ենք մարտավարությանը, որը բացարձակ գոյություն չունի, ապա այս հարցն արդեն վիճելի է: Միգուցե իմաստ կար, որովհետև բրենդը դեռևս չի հանրայնացվել, պաշտոնական շնորհանդես չի եղել: Նման դեպքերում սովորաբար, երկրի կառավարությունը բրենդը ստեղծող ընկերության հետ միասին պաշտոնապես հայտարարություն է անում: Պետք է քաղաքացիներին բացատրվի բրենդի նշանակության մասին, որպեսզի նրանց մոտ հարցեր չծագեն այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ազգային բրենդը: Իսկ եթե քաղաքացիների մոտ հարցեր են ծագում, առաջ են գալիս դժգոհություններ, ստացվում է, որ ազգային բրենդի վրա ծախսված գումարը ջուրն է ընկել: Տվյալ դեպքում այդ գումարը կարելի էր տրամադրել, օրինակ, ծայրահեղ աղքատ ընտանիքիներին կամ այդ գումարով զարգացնել Հայաստանի մշակույթը»:
Խոսելով նաև բրենդի՝ քննադատությունների արժանացած կարգախոսի մասին, Արա Ասլանյանը հստակեցրեց.
«Մարդիկ շատ սխալ են հասկացել և, հետևաբար, նաև սխալ են թարգմանել «The story is just beginnig» նախադասությունը, որն իր հերթին վատն է: Այստեղ,ինչպես շատերն են դժգոհում, չի ասվում, որ մեր պատմությունը նոր է սկսվում, այլ նշվում է, որ մեր պատմությունը դեռ սկիզբն է. այնտեղ չի հերքվում, ոչ մենք պատմություն ունենք: Գուցե story բառի փոխարեն պետք է գրված լիներ history, որպեսզի ամեն ինչ ավելի հստակ լիներ: Բայց նորից եմ կրկնում, այստեղ հարցը զուտ սխալ թարգմանությունն է, որը մարդիկ անում են: Շատ հետաքրքիր կլինի, որ «GK Brand» ընկերությունը գոնե մամուլի ասուլիս կազմակերպի, որտեղ քննարկում և հարց ու պատասխան կլինեն: Գուցե մեր ազգային բրենդը պատկերող տարբերանշանի տակ շատ բան է թաքնված, որը մենք չենք հասկանում:
Մեր այն հարցին, թե ինքն անձամբ ինչ կառաջարկեր Հայաստանը ներկայացնող տարբերանշանի համար, Արա Ասլանյանը պատասխանեց.
«Դրոշ, զինանաշան և հիմն: Սրանք մեր երկրի հիմնական գործիքներն են, որոնց տակ թաքնված են շատ տարբեր բաներ: Առհասարակ, ազգային բրենդը պետք է լինի Մշակույթի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարությունը, հատուկ ծրագրերը, որոնք որ իրականացվում են, այլ ոչ թե վիզուալ ինչ-որ մի սիմվոլ»:
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան