Վերջին շրջանում, Ադրբեջանն առանձնակի ակտիվություն է դրսևորում ոչ միայն առաջնագծում իրականացվող տարաբնույթ սադրիչ օպերացիաների, այլ տեղեկատվական հարթակում: Պատերազմի քարոզչություն ու անկայուն իրավիճակներ հրահրող հայտարարությունները առավել սուր բնույթ են կրում:
Պարզորոշ կերպով նկատելի է, որ Ադրբեջանից հնչող հայտարարություններում գերիշխող են ձևակերպումներ, որոնք որպես կանոն հնչեցվում են ահաբեկչական կազմակերպությունների կողմից:
Մայիսի 27-ին, Ադրբեջանում նշվող հանրապետության տոնի շրջանակներում կազմակերպված միջոցառումներից մեկում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ասելով. «Հայաստանը պետք է լքի օկուպացված տարածքները, հակառակ դեպքում, այդ երկրին մութ ճակատագիր է սպասվում»:
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ եթե Հայաստանը կատարի իրենց պահանջները, ապա «միգուցե այդ պարագայում, աշխարհի քարտեզում, Հայաստանը որպես ինքշխան պետություն իր տեղը կպահպանի»:
Իսկ ահա մայիսի 31-ին, «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, որն ի դեպ, սերտ համագործակցության մեջ է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ (ռազմական բլոկին վերաբերող կարևորագույն նյութերը մշտապես «ԱՊԱ»-ի կողմից են ներկայացվում` շատ ժամանակ «անանուն աղբյուրներին» հղումներով, որոնք որպես կանոն հետագայում հաստատվում են) իր աղբյուրներին հղում կատարելով, հրապարակում է տպագրել այն մասին, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փակ խորհրդակցություն անցկացնելով հրամանատարական կազմի հետ, «խստորեն հանձնարարել է թշնամու նկատմամբ լինել առանձնակի դաժան»:
Տարիներ առաջ, ճիշտն նույն ձևակերպումներով հայտարարություններ էր տարածում աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը` «Ալ-Ղաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավար Ուսամա Բեն Լադենը, ով հոխորտալով նշում էր, թե արևմուտքին դաժան հաշվեհարդար է սպասվում:
Դաժանությունը որպես գործելաոճ հատուկ է ահաբեկչական խմբավորումներին, որոնք շատ ժամանակ դա անում են հրապարակային ձևով. տեսագրում են դաժան ու անմարդկային գործողություններ, ապա այն տարածում լրատվամիջոցներում:
Այս ֆոնին, բավականին հետաքրքրական է ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերի այն հայտարարությունը, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտություն կա:
Մի կողմից նախագահների մակարդակով հանդիպումները հնարավորություն են` լիցքաթափելու լարված իրավիճակը, սակայն մյուս կողմից, նման իրավիճակներում, անիմաստ է խոսել բանակցային գործընթացի դրական ակնկալիքների մասին:
Ինչի մասին կարող են խոսել երկու նախագահները, երբ Ադրբեջանը ակնհայտ շանտաժի է դիմում, հավանական հանդիպումից առաջ հանդես գալով այնպիսի հայտարարություններով, որի պարագայում անիմաստ է խոսել բանակցությունների կամ հանդիպման արդյունավետության մասին:
Ադրբեջանի նպատակն է` վերջնականապես ձախողել բանակցային գործընթացը, ինչը արկածախնդրության գնալու համար վերջինս համար պարարտ հող կստեղծի:
Ադրբեջան. պետությո՞ւն, թե՞ ահաբեկչական կազմակերպություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet