hetq.am-ը գրում է. «Երազանքնե՞ր… Կարևորը մամաս տեսնի, մնացածը մենք կանենք»: Սա 13-ամյա կապանցի Կարենի երազանքն է:
Խոհանոցում երկուսով զրուցում ենք: Կարենն անընդհատ ժպտում է: 4 տարի է՝ մայրը կորցրել է տեսողությունը, տան գործերը հիմնականում ինքն է անում՝ հաց է թխում, խմորեղեն է պատրաստում, ճաշ է եփում, կար է անում… Մի անգամ թխվածք էր թխել, տարել դպրոց:
Կարենի դեմքին հոգսերի հետքեր չեք գտնի: Նա խոսում է ամաչելով, բայց ոչ խեղճացած: Խոհանոցում հին սպասքապահարանն է՝ մի քանի բաժակ-ափսեներով, մի հին սեղան, մի աթոռ ու տախտակ, որը հարմարեցված է նստելու համար: Կարենը նստում է այդ տախտակին, ես՝ աթոռին: Հարցնում եմ՝ ո՞նց է անցնում օրը, ուսերը վեր է քաշում, թե՝ սովորական: Գազօջախի մոտ սրբիչով փակել է հացի խմորը. «Մամաս ասում է՝ ինչ լցնեմ, ինչ անեմ, ես խառնում եմ, հետո դնում եմ գազի մեջ»:
Կարենը սովորել է սվաղ անել, մեր գնալու պահին պատրաստվում էր լվացարանը տեղադրել: «Ամեն ինչ չէ, որ կարողանում եմ անել, դռելով-բանով աշխատում եմ, բայց բալգարկայով դեռ չեմ կարողանում»,- նշում է տղան, հետո բացատրում, որ «բալգարկայով» երկաթը պիտի ուղիղ կտրի, եթե ուղիղ չկտրի, կվնասի իրեն: Դրա համար առայժմ վախենում է աշխատել այդ գործիքով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում