▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խմորումներ` Սրբազան շարժման ներսում

«Հրապարակ» թերթը գրել է. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վերջերս հրապարակային խոստում տվեց՝ սեպտեմբերին իրականացնել այն, ինչը մայիսին չեն հաջողել` հասնել իշխանափոխության: Բայց այս հավակնոտ հայտարարությանը զուգահեռ, նա տարօրինակ կերպով նեղացրել է իր շրջապատը: Շարժման համակարգող խմբի քննարկումներին հաշված ուժերից են ներկայացուցիչներ մասնակցում՝ ՀՅԴ-ից, ՀՀԿ-ից, «Սասնա ծռերից», «Ապրելու երկրից»: Երբեմն այլ ուժերից էլ են լինում, սակայն հիմնական կորիզը վերը թվարկվածն է: Նրանց հետ է քննարկում անելիքները։ Մինչդեռ շարժման սկզբում քաղաքական տասնյակ ուժերի մասնակցությամբ պարբերական հանդիպումներ էին նախաձեռնվում, քննարկում էին այդ ուժերից բաղկացած խորհրդատվական խորհուրդ ստեղծելու հարցը։ Շարժմանը մոտ կանգնած աղբյուրները նկատում են, որ սրբազանն իրեն մոտ է թողնում ամենահավատավորներին, նրանց, ովքեր չեն առարկում իր որեւէ որոշմանը, ցանկությանը կամ առաջարկին:

Մյուս կողմից՝ համակարգող խմբի մաս կազմող ուժի ներկայացուցիչը վստահեցնում է, որ պայքարողների շրջանակը նեղացել է երկկողմանի ցանկությամբ` ամռան ամիսներին պարզ է դարձել, թե ովքեր են պատրաստ երկարատեւ պայքարի, ովքեր են հոգնել, ոմանք էլ փորձել են շարժումը «քաշել իրենց վրա»՝ համարելով, որ սրբազանը շանսը բաց է թողել։

Ի դեպ, մինչ սրբազանը փորձելու է երկրորդ շնչառությունը բացել, քաղաքական կուլիսներում հաշվարկներ են անում նոր, այսպես կոչված, կենտրոնամետների ճակատ ձեւավորելու ուղղությամբ, որոնք ո՛չ ներկաների, ո՛չ նախկինների հետ կապ չեն ունենա։ Մի քանի հանդիպումներ էլ են արդեն կայացել: Մենք ձեռնպահ ենք մնում այդ մասին անվանական ներկայացնել, թե որ գործիչները եւ ուժերն են դրանք, քանի որ նրանց մեծ մասը, իշխանության հարձակումներից վախեցած, «լույսը չբացված»՝ սկսում է հերքել ամեն ինչ: Սակայն պարզ է, որ նման տեղեկություններն իշխանությունը մեզնից շատ ավելի վաղ է ստանում` բազում տեխնոլոգիաներ եւ ընդդիմության մեջ ներդրված անձանց միջոցով: Նշենք միայն, որ մինչ այս պահը որեւէ կոնկրետ համաձայնության չեն եկել, բանակցությունները շարունակվում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more