▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաղաղության ժամանակը եկել է». Թրամփ

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Իսրայելը համաձայնել է Իրանի հետ երկկողմանի հրադադար կնքելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, քանի որ հասել է իր «գործողության նպատակներին»։ Այս մասին ասվում է Իսրայելի կառավարության հայտարարության մեջ։

«Գործողության նպատակներին հասնելու լույսի ներքո և նախագահ Թրամփի հետ լիակատար համակարգմամբ՝ Իսրայելը համաձայնել է երկկողմանի հրադադար կնքելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի առաջարկին։

Իսրայելը վճռականորեն կարձագանքի հրադադարի ցանկացած խախտմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Իսրայելի պաշտպանության ուժերը լիակատար վերահսկողություն են հաստատել Թեհրանի օդային տարածքի նկատմամբ, լուրջ վնաս են հասցրել ռազմական ղեկավարությանը և ոչնչացրել Իրանի կենտրոնական կառավարության տասնյակ օբյեկտներ»,- հայտնել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի գրասենյակը։

***

Իսրայելի Պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ հրադադարի դեպքում շատ ավելի վատ վիճակ է ստեղծվում Իսրայելի համար և որ հրադադարն առանց հստակ համաձայնության 2-3 տարի հետո կբերի նոր պատերազմ։

«Իրանի դեմ պատերազմում Իսրայելի պաշտպանության բանակի և Մոսադի անհավանական ռազմական նվաճումների ֆոնին վերջին ակորդը հնչում է հատկապես կոշտ և դառը։ Անվերապահ հանձնվելու փոխարեն աշխարհը մտել է դժվար և ձանձրալի բանակցությունների մեջ, և այաթոլլահի ռեժիմը չի պատրաստվում զիջել ո՛չ իրանական հողի վրա ուրանի հարստացման, ո՛չ բալիստիկ հրթիռների արտադրության և հագեցման, ո՛չ էլ տարածաշրջանում և ողջ աշխարհում ահաբեկչության աջակցության և ֆինանսավորման հարցերում։ Պատերազմի սկզբում ես զգուշացրել էի, որ առյուծին վիրավոր թողնելուց ավելի վտանգավոր բան չկա։ Հստակ և միանշանակ համաձայնագրի բացակայության դեպքում երկու կամ երեք տարի անց հրադադարը հաստատ մեզ կտանի նոր պատերազմի՝ շատ ավելի վատ պայմաններում»,- ասել է Լիբերմանը։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ի հետ զրույցում հայտնել է իր ակնկալիքները, որ Իսրայելի և Իրանի միջև երկուշաբթի հայտարարված հրադադարը կտևի «հավերժ»։

«Կարծում եմ՝ հրադադարն անժամկետ է։ Այն հավերժ կտևի»,- ասել է նա։

***

Իրանի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է։ Կողմերը չպետք է խախտեն այն։ Այս մասին գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցցանցի իր էջում։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Իրանի և Իսրայելի միջև համաձայնություն է ձեռք բերվել 12 ժամվա ընթացքում լիարժեք և ամբողջական հրադադարի մասին, սակայն հակամարտող կողմերը չեն հաստատել դա։

***

Իրանի և Իսրայելի միջև հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիր գոյություն չունի։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Սակայն, եթե իսրայելական ռեժիմը Թեհրանի ժամանակով ժամը 4-ից սկսած դադարեցնի իր ապօրինի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ, մենք նպատակ չունենք շարունակել մեր պատասխան գործողությունները։ Մեր ռազմական գործողությունների դադարեցման մասին վերջնական որոշումը կընդունվի ավելի ուշ»,- հայտնել է Արաղչին։

Նշենք՝ իսրայելական կողմից հրադադարի մասին հայտարարություն դեռ չի եղել։

Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հայտնել է. «Իր ագրեսիայի համար Իսրայելին պատժելու մեր հզոր զինված ուժերի ռազմական գործողությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն՝ առավոտյան ժամը 4-ը»։

Ավելի վաղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան CNN-ին հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հայտարարված հրադադարին՝ այն պայմանով, որ Իրանը դադարեցնի իր հարձակումները։ Ըստ աղբյուրի՝ Թեհրանը համաձայնել է այդ պայմանին։

***

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցկայքի իր էջում հետևյալ գրառումն է արել. «Շնորհավորում եմ ամբողջ աշխարհին, խաղաղության ժամանակը եկել է»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։

«ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ։ Իսրայելը և Իրանը լիովին համաձայնության են եկել, որ կլինի լիակատար և տոտալ ՀՐԱԴԱԴԱՐ (մոտ 6 ժամից, երբ Իսրայելը և Իրանը կավարտեն իրենց ներկայիս, վերջնական առաքելությունները), 12 ժամ, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված։ Իրանը պաշտոնապես կսկսի ՀՐԱԴԱԴԱՐԱՐԸ, իսկ 12-րդ ժամին Իսրայելը կսկսի ՀՐԱԴԱԴԱՐԱՐԸ, իսկ 24-րդ ժամին աշխարհը կնշի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը։ Յուրաքանչյուր ՀՐԱԴԱԴԱՐԱՐԻ ընթացքում մյուս կողմը կպահպանի ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ և ՀԱՐԳԱՆՔԸ։

Ենթադրելով, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես պետք է, և այդպես էլ կլինի, ես կցանկանայի շնորհավորել երկու երկրներին էլ՝ Իսրայելին և Իրանին, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա։ Աստված օրհնի Իսրայելին, Աստված օրհնի Իրանին, Աստված օրհնի Մերձավոր Արևելքը, Աստված օրհնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Աստված օրհնի աշխարհը»։ Այս մասին Թրամփը երեկ երեկոյան գրել է Truth Social-ում։

Այնուամենայնիվ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանն ու Իսրայելը շարունակել են միմյանց դեմ հարձակումները։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more