▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրեժ ՔԱՍՈՒՆԻ.«ԱՆԻՄԱՑԻՈՆ ֆիլմերի նկատմամբ հայաստանյան հանդիսատեսի ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ Է »


Հայաստանում կան տաղանդավոր անիմատորներ, սակայն ֆինանսական միջոցների սղության պատճառով արտերկրում են կառուցում իրենց ստեղծագործական կյանքը: «ՌեԱնիմանիա» փառատոնի մեկնարկից օրեր առաջ փառատոնից սպասվող ակնկալիքների և արդյունքների մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «ՌեԱնիմանիայի» հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

Ըստ նրա` անիմացիոն ֆիլմերի նկատմամբ հայաստանյան հանդիսատեսի հետաքրքությունը բավական մեծ է, նրանց թիվը գնալով աճում է: «Աճել է նաև փառատոնի կազմակերպած վարպետության դասերի նկատմամբ հետաքրքրությունը: Արդեն 175 երիտասարդ հասցրել է մասնակցել դրանց: Եվ այդ երիտասարդները նոր անիմացիոն ֆիլմերի հեղինակներ կարող են դառնալ»,- նշել է Վ. Քասունին` ընդգծելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ԽՍՀՄ-ից հետո ամենաշատ ֆիլմեր արտադրող երկրների շարքում:

Վ. Քասունին կարևորել է այն, որ հայ ռեժիսորներիը սովորեն գնահատել անիմացիոն ֆիլմը որպես կինո և գնահատել անիմատորի աշխատանքը: «Պետք է կարողանալ գրքի պես ընթերցել անիմացիոն ֆիլմը: Ես երբեք չեմ դիտում ֆիլմը որպես ֆիլմ, ես ընթերցում եմ գրքի պես»,- շեշտել է նա:

Անդրադառնալով փառատոնի շրջանակներում ցուցադրող անիմացիոն ֆիլմերի տոմսերի արժեքին, որը կազմում է 300-500 դրամ, «ՌեԱնիմանիայի» հիմնադիրը նշել է, որ դրանց արժեքը մեծ չէ, քանի որ դրանք նախատեսված են միայն կինոթատրոնի տեխնիկական խնդիրների ծախսերը փակելու համար: «Քանի որ բյուջե չի եղել, միշտ մեր միջոցներով ենք լուծել փառատոնի ֆինանսական խնդիրները: Մեր նպատակը փող աշխատելը չէ, իսկ տոմսերից ստացվող սիմվոլիկ գումարը փոխանցում ենք Մոսկվա կինոթատրոնին, որը ոչինչ է իր արած աշխատանքի դիմաց»,- նշել է Վ. Քասունին:

Ըստ նրա, փառատոնն այս տարի անցկացվելու է նաև Դիլիջան քաղաքում և Արցախում: Իսկ տեխնիկական և ֆինանսական հնարավորությունների պակասի պատճառով «Ռեանիմանիան» չի հյուրնկալվելու մյուս մարզերում: Փառատոնի՝ այս տարվա նորություններից մեկն էլ այն է, որ ավելացել է երաժշտական անիմացիոն գովազդը՝ որպես անվանակարգ:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008 թվականին` նպատակ ունենալով աջակցել հայկական անիմացիայի երբեմնի համբավի վերականգնմանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more