▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրեժ Իսրայելյան` խիզախ թռիչք մեր ժողովրդի պարտությունների ու հաղթանակների երկինքներով

 

Վրեժ Իսրայելյանի մահվան կապացությամբ պաշտպանության նախարարության ցավակցական ուղերձը.

«Որքան էլ մենք սովոր լինենք անընդմեջ լսել սիրտ ու միտք ալեկոծող դեպքերի մասին, այդուհանդերձ, անհավատալի է, որ այլևս մեզ հետ չէ Վրեժ Իսրայելյանը: «Վախճանվել», «մահացել» բառերը չեն դրվում նրա անվան վրա, որքան էլ մեր լեզուն ու գրիչը ջանան դա անել: Վրեժ Իսրայելյան նշանակում է կենդանի կյանք, թարմ մտածողություն, անհրաժեշտ, սթափ, անկաշառ հայացք ամենքի և ամեն ինչի վրա, խիզախ թռիչք մեր ժողովրդի պարտությունների ու հաղթանակների երկինքներով, նշանակում է հայոց բանակի արժանապատիվ սպայի կերպար… Սրանց հետ մահը գործ չունի:

Վրեժ Իսրայելյանը գրող էր, լրագրող էր: Նա իր ողջ կյանքով, գրականությամբ, իր տենչերով ու խռովքներով անվերջ Հայաստան փնտրող մարդ էր: Նրա իդեալը զորավար Անդրանիկն էր, շիտակության և վեհանձնության խորհրդանիշը: Վրեժ Իսրայելյանը այն բացառիկներից էր, որ Հայաստանի անկախությունը ընդունեց Ստալինյան աքսորից վերադարձող իր Սաղաթել հոր նման: Ու իրեն զգաց նրա զավակը: Սպարապետ Վ. Սարգսյանի հորդորով հագավ զինվորականի համազգեստ ու միշտ բարձր պահեց այդ համազգեստի պատիվը ամենուր` թե «Հայ զինվոր» պաշտոնաթերթը խմբագրելիս, թե գլխավորելիս ՊՆ լրատվության ու քարոզչության վարչությունը:

Վրեժ Իսրայելյանը բանակի գնդապետ էր, 1993 թվականից կանգնած էր մեր երազների մանկան` հայոց բանակի խանձարուրի մոտ մինչև 2009 թվականը, երբ անցավ վաստակած հանգստի: Սակայն հանգիստը նրա համար չէր, նա չդարձավ կյանքի ռիթմերին անհաղորդ մի թոշակառու:

Վրեժ Իսրայելյանը գրեց ու հրատարակեց սքանչելի պատմվածքներ, որոնց հերոսները մեր բարդ կյանքի հակասությունների մեջ իրենց դրսևորում էին հենց իր` հեղինակի նման խիզախ և ճշմարտացի կեցվածքով` հացին հաց ասող և մղեղին` մղեղ: 

Վրեժ Իսրայելյանը երիտասարդ տարիքում պատմվածքներ էր գրում ուժեղ մարդկանց մասին` լինի էրգիրը կորցրած մխացող հոգի, գյուղացի մտավորական, թե նոր աչք բացած պատանի: Հասուն տարիքում դարձյալ նրա պաշտամունքը ուժն է և ուժի բարոյականությունը: Նրա հերոսները ճիշտ են ընդվզում, ճիշտ են ապտակում, ճիշտ են տառապում: Նրանք, կարելի է ասել, երկիր պահող կերպարներ են, որոնց հետ վստահաբար կարելի է ելնել թշնամու դեմ:

ՀՀ  պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատել գնդապետ Իսրայելյանին` արժանացնելով նրան բազմաթիվ մեդալների ու մեծարումների: Բարձր է գնահատվել նաև գրող Վրեժ Իսրայելյանի վաստակը` բերելով նրան տարբեր գրական մրցանակներ: Սակայն ամենաշողշողուն մրցանակը Վրեժ Իսրայելյանի` մարդ-գրող-զինվորականի անկրկնելի կերպարն է, որին բացառիկ թովչանք է հաղորդում սիրող ամուսնու, գթառատ հոր և կարոտյալ պապիկի նվիրական շնորհը: Վրեժ Իսրայելյանի գրական ու մարդկային տաղանդը յուրահատուկ հրապույրով ճառագում էր նրա կենդանության օրոք: Կճառագի նաև հետո նրա բարձրարվեստ գրքերից, ընկերների ու հարազատների լուսաշող հուշերից »:

Հիշեցնենք, որ հայ արձագիր, դրամատուրգ, ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր  Վրեժ Իսրայելյանն ինքնասպանություն է գործել:
Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 14.30-ին՝ Հայաստանի Գրողների միության դահլիճում: 

Հիշեցնենք, որ հայ արձագիր, դրամատուրգ, ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր  Վրեժ Իսրայելյանն ինքնասպանություն է գործել:

Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր՝ հունիսի 15-ին, ժամը 14.30-ին՝ Հայաստանի Գրողների միության դահլիճում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more