▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն, այլ տարբերակ չկա». Ի՞նչ են խոսել «Յանդեքս»-ի գրասենյակում

Տաքսու վարորդները Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ այսօր այցելել են «Յանդեքս»-ի գրասենյակ՝ իրենց բարձրացրած հարցերն ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու համար։

Մինչ լիազորված խումբը կբարձրանար բանակցությունների՝ Մանուկյանը լրագրողներին ներկայացրեց հիմնական պահանջները՝ շեշտելով, որ վարորդների իրավունքները պետք է վերականգնվեն, այլ տարբերակ չկա։

Մանուկյանը նշեց, որ «Յանդեքս»-ի քարտեզը և իրականությունը հաճախ չեն համապատասխանում, ինչի արդյունքում վարորդները տուգանվում են։ Նրա խոսքով՝ հաջորդ խնդիրը վարորդների վարկանիշների հարցն է. «Վարորդները չեն հասկանում, թե ինչի համար է իրենց վարկանիշը նվազում։ Չկա բացատրություն, կոմունիկացիա չկա, մարդը օպերատիվ հարցի լուծում չի ստանում»։

Մյուս խնդիրը, ըստ նրա, կապված է հաճախորդների հետ, որոնք կանգնեցնում են մեքենան՝ խոստանալով վերադառնալ, սակայն հեռանում են. «Մարդիկ հետադարձ կապի հնարավորություն չունեն»։

Հաջորդը, նրա թվարկմամբ, այսպես կոչված՝ «10 րոպեի խնդիրն» է. «Այսինքն՝ մարդիկ տուգանվում են։ Այստեղ անելիք կա նաև ոստիկանության հետ»։

Մեկ այլ պահանջ էլ վերաբերում է այն հանգամանքին, որ վարորդները նշում են՝ «Յանդեքս»-ը համագործակցում է Երևան ավտոբուս ընկերության հետ և նրանց քարտեզներ է տրամադրում.«Ասում են՝ ավտոբուսի գծերով մեզ էլ հնարավորություն տվեք գնալ»։

Նրանք խոսելու են նաև թեյավճարների նվազման, ընկերության կողմից կեղծ խախտումներ արձանագրելու և մեքենաների ոչ պատշաճ վիճակի մասին արձանագրումների վերաբերյալ։

«Ցանկացած աշխատող ունի գործադուլի իրավունք և կարող է պահանջ ներկայացնել խախտումների համար։ Հիմա այս մարդիկ պահանջ են դրել, բայց ակտիվ լինելու համար նրանց բլոկ են անում կամ արհեստականորեն իջեցնում են ռեյտինգները»,– ընկերության հետ քննարկվելիք հարցերը ներկայացրեց Մանուկյանը։

Վարորդներից կազմված չորս հոգանոց խումբը, ինչպես նաև Մանուկյանը, գնացին բանակցությունների՝ բարձրացված հարցերը քննարկելու համար։

Տեսանյութերը՝ Արշակ Սարգսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more