▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանը զանգել էր Կարեն Դուրգարյանին

«Իրավունք»-ը գրում է․ «ՀՀ Ազգային ժողովը 65 «կողմ», 31 «դեմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի՝ Հայաստանի Օպերայի եւ բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և այլ մշակութային կառույցների անվանումներից կհանվի «ազգային» բառը։

Հայրենական մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունեցած կառույցների անվանումներում այսուհետեւ կկցվի «համապետական» բառը: Անդրադառնալով վերոնշյալին՝ ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը  ուղիղ եթերում հեռախոսազրույց է ունեցել  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ: Դուրգարյանն իրեն բնորոշ հանգստությամբ՝ հավատացրեց Վարդան Ղուկասյանին, որ նման բան չկա ու չի կարող լինել: Ղուկասյանի հարցին, որ եթե լինի, ինչպիսին կլինի Դուրգարյանի մոտեցումը, վերջինս կրկնեց իր միտքը, թե՝ հնարավոր չէ նման բան:

«Ի՞նչ է նշանակում ազգային թատրոն, դա տալիս է առանձնահատուկ դիրք: Օպերային թատրոնը դա միակն է, որը կոչվում է Հայաստանի ազգային թատրոն: Որեւէ փոփոխություն չի եղել, ես հաստատ կարող եմ ասել, որ չի էլ լինելու: Նաեւ ասեմ, որ Օպերային թատրոնն ունի իր կանոնադրությունը, որտեղ հստակ գրված է՝ ազգային օպերային թատրոն: Մենք վերջերս վերադարձանք Իտալիայից, որտեղ բոլոր թռուցիկների մեջ գրված է՝ «ազգային» բառը»,- հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Դուրգարյանը:

Այնուհանդերձ Վարդան Ղուկասյանը խոստացել է, որ եթե այս օրենքը մտնի ուժի մեջ, ինքն անպայման կրկին հեռախոսազրույց կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի հետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more