«Վահագի համար առիթ էր` կիսվելու իրեն հոգեհարազատ պետության զինանշանով»․ Արթուր Սուքոյան
Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՔՊԿ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակումէ կատարել, որտեղ անդրադարձել է Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե «ՀՀ-ն բանակցել է միայն Արցախը Հայաստանին միավորելու կամ դրա անկախացման մասին»։ Վահագը հակադարձել է և մեղադրել Ռ. Քոչարյանին «Ընդհանուր պետություն» մոդելի շուրջ բանակցելու հարցում։ Մի քանի կարևոր դիտարկում (նույնիսկ տեղին չէ անդրադառնալ մոդելի դրական կամ բացասական կողմերին).
1. Այդ մոդելը հայկական կողմը չի առաջարկել։ Այն առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ ԱԳ նախարար Ե. Պրիմակովի նախաձեռնությամբ)։
2. Ռ. Քոչարյանը չի բանակցել և չէր էլ կարող, քանի որ այն բանակցային սեղանին հայտնվելուն պես մերժվել է։
3. Ադրբեջանական կողմը մոդելը մերժել է այնքան արագ, որ այսօր, հետահայաց գցելով, տպավորություն է ստեղծվում, թե բանակցային կարգավորման 7 տարբերակներից այն եղել է ամենաանընդունելին Ադրբեջանի համար։
4. Սա պարզապես Վահագի համար առիթ էր կիսվել իրեն հոգեհարազատ պետության զինանշանով։
Հ.Գ. Տեսանյութում՝ հայկական և ադրբեջանական կողմերի արձագանքը»։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը` ստորև. «Քոչարյանի որդիներից կրտսերը երեկ տեսանյութ էր հրապարակել, որում ասում էր, թե երկրորդ և երրորդ նախագահները բանակցել են միայն ԼՂ-ն Հայաստանին միավորելու կամ դրա անկախացման մասին։
Ասել, որ սա սուտ է, նշանակում է ոչինչ չասել, ձեզ եմ ներկայացնում Քոչարյանի բանակցած «Ընդհանուր պետության» տարբերակից երկու կետ.
«... 5. ԼՂ քաղաքացիները` որպես անձը հաստատող վկայական` կունենան Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով: Միայն ԼՂ կառավարությունն իրավունք կունենա նման անձնագրեր հանձնել: ԼՂ հայկական ծագում ունեցող քաղաքացիները կարող են արտագաղթել Հայաստան և մշտական բնակություն հաստատելու համար այնտեղ տեղափոխվելու դեպքում հայկական քաղաքացիություն ստանալ՝ այդ երկրի օրենքների համաձայն:
6. ԼՂ բնակչությունն իրավունք ունի ընտրելու իր ներկայացուցիչներին Ադրբեջանի խորհրդարանում և մասնակցելու Ադրբեջանի նախագահի ընտրություններին»:
Հիմա եթե Քոչարյան կրտսերը պնդում է, որ այս անձնագիրը ստանալու էին անկախ ԼՂ-ի կամ ՀՀ-ի կազմում գտնվող ԼՂ-ի քաղաքացիները, ապա սա արդեն լրիվ ուրիշ հարթության հարց է և այստեղ շատ ավելի խորը ուսումնասիրության կարիք կա»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet