▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏՎԽ կարծիքը` «Կիսաբաց լուսամուտներ»-ի ինտերնետային տարբերակում պոռնոգրաֆիկ դրվագներ ցուցադրելու վերաբերյալ

2016 թվականի սեպտեմբերի 23-ին YouTube-ում «Կիսաբաց լուսամուտներ»-ի պաշտոնական ալիքով ցուցադրվել է հաղորդաշարի հերթական թողարկումը, որը վերաբերում էր ենթադրաբար սեռական բռնության ենթարկված մի անչափահաս տղայի պատմությանը։ Հաղորդումն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ.։

Հաղորդման ընթացքում ցուցադրվեցին պոռնոգրաֆիկ բնույթի դրվագներ և սեռական գործողության տեսարաններ մի ինտերնետային կայքից, որը հաղորդման փորձագետներից մեկը վերագրեց ՀՀ-ում գործող կրոնական մի կազմակերպությանը (տե՛ս 19:19-20:18)։

Դատելով հաղորդավարի հայտարարությունից՝ հաղորդումն ի սկզբանե պատրաստված է եղել հեռուստատեսությամբ հեռարձակելու համար (հաղորդավարը տեսանյութը ցուցադրելուց առաջ զգուշացրել է «էկրանների» առջևից հեռացնել երեխաներին)։ Բացի այդ, պոռնագրաֆիկ նյութերի ցուցադրման ժամանակ էկրանին հետևյալ տեքստն է հայտնվում «սա ցուցադրվել է հեռուստատեսությամբ ոչ ամբողջական տարբերակով։ Այդուհանդերձ, ըստ տեղեկությունների, հեռուստատեսությամբ հաղորդումը ցուցադրելիս նշված տեսարանները հեռացված են եղել։

Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 22-րդ հոդվածն արգելում է պոռնկագրության տարածումը և էրոտիկ բնույթի կոնտենտի հեռարձակումը ժամը 06.00-ից 24.00-ը։ Սա հեռուստատեսության ոլորտում կոնտենտի կարգավորման օրինակներից մեկն է։ Ընդհանուր առմամբ, այս ոլորտում առկա է պետական կարգավորում ի դեմս վերոնշյալ համապարփակ օրենքի և կարգավորող մարմինների (օրինակ՝ ՀՌԱՀ-ի): Սակայն նույնը չի կարելի է ասել համացանցի մասին։ Համացանցը մեծամասամբ ինքնավար է, ինքնակարգավորվող, իսկ ցանկացած փորձ այս ոլորտը կարգավորելու առումով ի սկզբանե դատապարտված է ձախողման՝ ելնելով համացանցի առանձնահատկությունից։ Սակայն դա չի նշանակում, որ բարոյականության, էթիկայի և օրենքի նորմերը դադարում են գործել այս տիրույթում։ Ատելության խոսքը, բռնության քարոզը, բարոյականության դեմ ուղղված կոնտենտը առաջացնում է քրեական, քաղաքացիական կամ վարչական պատասխանատվություն։ Սակայն խնդիրն այն է, որ թվային տեխնոլոգիաների զարգացումը նպաստավոր պայմաններ են ստեղծում տարբեր տեղեկատվական հարթակների միավորման համար, որի պայմաններում վնասակար կոնտենտը հեշտությամբ հայտնվում է մի հարթակից մյուսը, որը հաճախ հանգեցնում է իրավական վակուումի՝ խախտման դեմ բացակայում է իրավական պաշտպանության միջոցը։

Տվյալ դեպքում հեռուստահաղորդման ընթացքում հրապարակայնորեն ցուցադրվել է մի կոնտենտ, որն առերևույթ ուղղված է բարոյականության հասարակական արժեքների դեմ։ Անկախ այն հանգամանքից, թե կոնտենտը քրեական իրավունքի հիմքով օբյեկտիվորեն համարվում է պոռնկագրական նյութ, թե ոչ (Քրեական օրենսգրքի 263-րդ հոդված – պոռնկագրական նյութեր տարածելը), այն առերևույթ հակասում է բարոյականության մասին հասարակական պատկերացումներին։ Հետևաբար, նման նյութի հրապարակային ցուցադրումը կարող էր ցնցել և անհանգստություն պատճառել հասարակության լայն շրջանակներին, այդ թվում նաև խոցելի խմբերին, օրինակ՝ անչափահասներին, սեռական բռնության զոհերին, իսկ տվյալ դեպքում նաև կրոնական փոքրամասնություններին): Հետևաբար, նման նյութի հրապարակային ցուցադրումը կարող է առաջացնել քրեական և/կամ քաղաքացիական պատասխանատվություն։

Եզրակացություն

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը հանրությանը մատուցվել է ոչ թե հեռուստատեսության, այլ համացանցի հարթակից։ Այս հանգամանքը էապես նվազեցրել է լսարանի շրջանակները, սակայն փոխարենը կոնտենտը դարձրել է հանրային սեփականություն՝ ժամանակի ու տարածության մեջ անվերահսկելի։ Եթե կոնտենտը տարածվեր հեռուստատեսային հաղորդման միջոցով, ՀՌԱՀ-ը լիովին իրավասու կլիներ միջամտել օրենքի ուժով և հեռուստատեսությանը ենթարկել վարչական պատասխանատվության՝ ղեկավարվելով Հեռուստատեսության և Ռադիոյի մասին օրենքի24-րդ հոդվածով և դրա հիման վրա կայացված իր 15/02/2010 թիվ N1-Նորոշմամբ սահմանված չափորոշիչներով: Սակայն կոնտենտը տարածվել է ինտերնետ կայքի՝ www.youtube.com-ի միջոցով, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես տեղեկության մեդիում կամ կրիչ, որի պարագայում ՀՌԱՀ-ը իրավազորություն չունի միջամտել, քանի որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը կիրառելի չէ նման իրավահարաբերությունների վրա։ Ստացվում է, որ նույն հաղորդումը հեռուստատեսությամբ հեռարձակելիս առաջացնում է պատասխանատվություն, իսկ համացանցով տարածելիս՝ ոչ։ Մինչդեռ, ինչպես Հայաստանում, այնպես էլ գլոբալ տիրույթում արագորեն զարգանում է ինտերնետ հեռուստատեսությունը և աստիճանաբար մրցակցություն կազմում եթերային հեռուստատեսությանը։

 

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն

Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ

Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Գեղամ Վարդանյան– Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր

ՀՌԱՀ թիվ N1-Ն որոշում «Էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինպես նաև անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման,  դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները հաստատելու մասին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more