▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թուրքիան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես մտավ Ղարաբաղ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է մտնել Իսրայել, «ինչպես դա արեց Ղարաբաղում և Լիբիայում»:

«Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, մենք կարող ենք գործել նրանց դեմ (Իսրայելի-խմբ.)։ Անհնարին ոչինչ չկա։ Պարզապես պետք է ուժեղ լինել...»,- ասել է Էրդողանը։

***

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահաբեկիչ Էրդողանը, խոսելով Իսրայել մտնելու մասին, օրինակ է բերել Արցախ մտնելը։
Մի կողմ թողնենք Թուրքիա-Իսրայել այս լեզվակռիվը, քանի որ Իսրայելի արգործնախարարն էլ Էրդողանին հիշեցրել է Սադամ Հուսեյինի ճակատագիրը, թե ինչ եղավ Սադամի հետ, իսկ Էրդողանը նմանվում է Սադամին։
Միջազգային մասշտաբի ահաբեկիչ Էրդողանը այս հայտարարությունով նաև, այսպես ասած, փչացրեց աքլորացած բռնապետ Ալիևին։
Ալիևն անընդհատ հոխորտում է, թե ադրբեջանական բանակը հաղթեց, թե ադրբեջանի ժողովուրդը հաղթեց և այլն։
Այս հայտարարություն ևս մեկ անգամ վերահաստատում են իմ այն պնդումները, որ եթե 2020-ին Թուրքիան չխառնվեր, ապա մենք ավելի շատ տարածքներ էինք ազատագրելու։ Ալիևը որքան էլ գեղեցիկ հագցնի իր բանակին, միևնույն է ադրբեջանական բանակը կռվել չգիտի։ Անգամ իրենց զենք-զինամթերքը չէին կարողանում օգտագործել ինչպես հարկն է, դրա համար պատերազմի 3-4-րդ օրերից պաշտպանության նախարարին լիկվիդացրեցին, ԳՇ պետին լիկվիդացրեցին և ամբողջությամբ կառավարումն անցավ թուրք հրամանատարների ձեռքը։ Ովքեր էլ իրենց խնդիրը կատարում էին, ոչ թե ադրբեջանական բանակով, այլ իրենց կողմից տարածաշրջան ներմուծված սիրիացի ահաբեկիչներով։
Մեր բնակավայրերում աքլորացած շրջող բռնապետ Ալիևը իր մեքենայի մեջ ոչ թե պետք է լսի այն երգերը, որոնց տակ հորթի հրճվանք է ապրում, այլ Էրդողանի այս հայտարարությունը»։

***

Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Էրդողանական վարչախմբի պարագլուխը հայտարարել է, թե Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես դա արել է Լիբիայում և Արցախում։

Թուրքիայի ներսում, ինչպես նաև արաբական և իսլամական աշխարհում էժան վարկանիշ հավաքելու նպատակով արված այս դատարկաբան հայտարարության փոխարեն, էրդողանական վարչախումբը, դիցուք, կարող էր փակել իր տարածքով Իսրայելին մատակարարվող ադրբեջանական էներգակիրների հոսքը, որն, իրոք, լուրջ հարված կլիներ Թել-Ավիվին։

Սակայն ոչ՝ դատարկ, պոպուլիստական և երեսպաշտ հայտարարություններից էրդողանական վարչախումբը փող չի կորցնում, մինչդեռ էներգակիրների տարանցման դադարեցումը փողի հստակ կորուստ է»:

***

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Թուրքիայի նախագահ Էրդողանը երեկ հերթական անգամ անթաքույց խոստովանել է, որ իրենք են փաստացի առաջնորդել 2020թ. պատերազմը Հայաստանի դեմ Արցախում. «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն կերպ կարող ենք մտնել Իսրայել։ Չկա պատճառ, թե ինչու մենք չպետք է դա անենք»:

Սա առաջին կամ միակ նման խոստովանությունը չէ։
Սակայն մեզ համար այստեղ պետք է կարևոր լինի այն, որ այս պետությունը «Ղարաբաղ է մտել» ոչ թե միայն Արցախի նվաճման համար։

Թուրքիայի համար Արցախը մեծ պատկերի միայն մի մասն է, որից հետո թիրախը դառնում է Սյունիքը։ Այս պահին հայկական այս երկրամասը Հարավային Կովկասի վրա իր ազդեցության գոտին կառուցելու համար Թուրքիայի գլխավոր խոչընդոտն է։
Եվ հռետորական հարց է ծագում. պե՞տք է արդյոք Թուրքիային խաղաղություն հաստատել թույլ Հայաստանի հետ»։

***

44-օրյա պատերազմին օտարերկրյա զինծառայողներ չեն մասնակցել։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ՊՆ-ն՝ մեկնաբանելով թուրք պաշտոնյաների հայտարարությունները, թե «եղբայրական Թուրքիան օգնել է վերականգնել ինքնիշխանությունն ու նույնիսկ մասնակցել ռազմական գործողություններին»։

«Թուրքիան և Պակիստանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին։ Այս կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթներում բազմիցս շնորհակալություն է հայտնել Թուրքիայի և Պակիստանի ղեկավարությանը, սակայն մարտերին որևէ այլ պետության զինված ուժերի անձնակազմ չի մասնակցել»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

***

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նախազգուշացրել է Իսրայել հնարավոր ներխուժման հետևանքների մասին։ «Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում հարձակվել Իսրայելի վրա։ Էրդողանը թող հիշի, թե ինչ տեղի ունեցավ Իրաքում, և ինչով ամեն ինչ ավարտվեց»,- X-ում գրել է Կացը՝ տեղադրելով Էրդողանի և Սադամ Հուսեյնի լուսանկարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more