▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական ավիաուղինե՞րն, ադրբեջանական Սոջա՞րը, թե՞ հայ ֆուտբոլային մեկնաբանը....

Եվրոպայի այս տարվա առաջնությունն իսկական փորձություն է հայ ֆուտբոլասեր հեռուստադիտողների համար: 

Մի կողմից մեր եղբայրական երկիր Ֆրանսիայի  խաղադաշտերն իրենց գովազդներով ողողած Թուրքական ավիաուղիներն ու ադրբեջանական Սոջարը, մյուս կողմից՝ շատերի կարծիքով ոչ այնքան հետաքրքիր խաղերն ու ամենակարևորը՝ Հ1-ի ձանձրալի ու անտանելի մեկնաբանությունները: 

Դե արի ապացուցի, որ ամենևին  նախանձը չի մարդկանց նյարդայնության պատճառը:

Որ եթե նույնիսկ  հայկական չեղած ավիաուղիները կամ Ֆլեշը իր գովազդը տեղադրեր ֆրանսիական մարզադաշտերում, նույնիսկ , եթե հրաշքով Եվրո-2016-ում Հայաստանի ընտրանին էլ ելույթ ունենար, մեկ է՝ մարդիկ չէին կարողանալու հաճույքով նայել հեռարձակումները ու , ինչպես սիրում են ֆուտբոլասերներն ասել՝ վայելել...

Լավ, հասկանալի է, որ մեր երազած  ֆուտբոլի հավաքականը չունենք, ֆուտբոլում ներդրում անող օլիգարխներ չունենք, բայց լավ՝ ֆուտբոլային նորմալ մեկնաբան ինչու՞ չունենք:  

Հ1-ը որ թափահարում է Եվրոպական հեռարձակողների հետ իր պայմանագիրն ու արգելում ֆուտբոլային խաղերի հեռարձակումը նույնիսկ կաբելային հեռուստաընկերություններին, պարտավորություն չի ստանձնե՞լ արդյոք եթե ոչ եվրոպական մակարդակի, գոնե ռուսական  հեռուստաոճի  մեկ կամ երկու ֆուտբոլային մեկնաբան վերապատրաստել:

Թե՞ գումարների հարցում Հ1-ը շռայլություն է ցուցաբերում միայն  եվրատեսիլյան ճանապարհորդությունների նպատակով: 

Ախր, ինչպես Եվրատեսիլի նախօրոք գրված տեքստերն են երբեմն մեր հաղորդավարները վատ արտասանում, կրկնակի վատ՝ ֆուտբոլային հեռարձակումների չգրված տեքստերն են ներկայացնում:

Իմպրովիզը, բնականաբար, դժվար բան է, դրա համար է որ խնամի-բարեկամ-ծանոթներին չէ, որ ուղիղ եթերն՝ այդ թվում ֆուտբոլային հեռարձակումը պետք է վստահել:

Լավ մեկնաբանը  կարող է ոչ միայն խաղերը պրոֆեսիոնալ մեկնաբանել, այլ նաև իր գնահատականներով ու քննադատություններով ոլորտի պատասխանատուներին ստիպել՝ ստեղծել ճիշտ վերաբերմունք   ֆուտբոլի, ֆուտբոլիստների ու նաև ֆուտբոլասերների նկատմամբ:

Ախր, մի բան պարտավորվելուց առաջ նախ հնարավորությունների մասին պետք է մտածել ու նաև ՝ հեռուստադիտողների  ցանկությունը և իրավունքը  հաշվի առնել:

Հարկատուների գումարներով սնվող հեռուստաընկերությունն այսօր բառիս բուն իմաստով ոտնահարում է  քաղաքացիների իրավունքը, չի լսում նրանց բողոքի ձայնը հերիք չէ, այլ նաև հնարավորություն չի տալիս այլընտրանքի՝ ուրիշ հեռուստաալիքով հետևել ֆուտբոլային խաղերին: 

Իսկ գուցե տեղյակ չեն եվրոպական հեռարձակողները հայ ֆուտբոլասեր հեռուստադիտողների տանջանքի մասին, չէ որ նրանց ցուցադրում են ֆուտբոլ ոչ թե եթերաժամ լրացնելու  համար, այլ դիտելու ու նաև ֆուտբոլը զարգացնելու նպատակով:

Իսկ ի՞նչ է ստացվում արդյունքում.... Անորոշ է...Ինչպես նաև անորոշ է, թե  ինչն է ավելի շատ հայ հեռուստադիտողի  վրա այս  ընթացքում ազդում՝ Թուրքական ավիաուղիները՞, ադրբեջանական Սոջարը՞, թե՞ հայ ֆուտբոլային մեկնաբանը...

 

Հեղինակ՝

Ատոմ Գրիգորյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more