▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքական անփոփոխ կեղծարար ձեռագիրը և դրա հայկական «խոսափողները»

Երկար ժամանակ փորձեցի չանդրադառնալ թուրքական քարոզչամեքենայի՝ Ազնավուրի հետ կապված հայտնի պատմությանը, բայց, ոնց տեսնում ենք, «Posta»-ն չի հանդարտվում և շարունակում է այսպես կոչված «բացահայտումները»: Սակայն խոսքս ոչ այդքան թուրքական քաղաքականության մասին է, որքան նրա հայաստանյան «խոսափողների»:

Թուրքական «Posta» թերթը նոյեմբերի 2-ի համարում հրապարակեց «հարցազրույց» աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որն իբր արվել էր թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանի կողմից Փարիզում, ուր Օզերմանը և Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը հանդիպել և զրուցել էին Ազնավուրի հետ: Ըստ հրապարակման, այդ հանդիպման ընթացքում Ազնավուրին հանձնվել էր նաև «Ոսկե սոսի» անվանումը կրող մրցանակ: 

Այս հարցազրույցը առաջինն ամբողջությամբ թուրքերենից թարգմանվեց և արտատպվեց հայկական «Սիվիլնեթ» գործակալության կողմից: Կարճ ժամանակում այն հայաստանյան տարբեր շրջանակներում մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ Սիվիլնեթի համապատասպան հղումն էլ անհամար հաճախություններ գրանցեց: 

Դրան հետևեց ՀՀ արտգործնախարարության մամլո խոսնակի մեկնաբանությունը, որով հերքվում էր Ազնավուրի` որևէ լրատվամիջոցին հարցազրույց տալը և մրցանակ ստանալը:  Սիվիլնեթը շարունակեց պնդել իր տեղեկատվության վրա` հաշված ժամերի ընթացքում կապ հաստատելով Օզերմանի հետ և ամբողջությամբ տեղադրելով հանդիպման վերաբերյալ նրա պնդումներն ու տրամադրած լուսանկարները: Թեման ավելի ուռճացվեց, հաճախությունները կրկնապատկվեցին, կրքերը թեժացան, արտգործնախարարությանը քննադատելը փեշակ դարձրած ֆեյսբուքիստները կրկին ի գործ անցան: 

Բանը հասավ նրան, որ 90-ամյա Ազնավուրը ստիպված եղավ անձամբ հերքել շրջանառվող լուրերն իր ֆեյսբուքյան էջում և ստոր մանիպուլյացիա անվանեց թուրքական կայքի տարածած տեղեկատվությունը: Մի քանի անգամ խայտառակվելուց և բացահայտվելուց հետո, սակայն, թուրքական կեղծիքի մեքենան չհանգստացավ. նոյեմբերի 9-ին նույն տխրահռչակ «Posta»-ի կայքում տեղադրվել է վերոնշյալ հանդիպման տեսագրությունը, որն ակնհայտորեն նախապես էլ թուրքական կողմից ծրագրվել էր հենց միայն հետագայում որպես ապացույց ներկայացվելու համար:

Սակայն այդ «հուժկու» ապացույցը կրկին պտտվեց այն հրապարակողների դեմ, քանզի տեսանյութը դիտելով` ևս մեկ անգամ համոզվում ենք, որ Շառլ Ազնավուրին վերագրված խոսքերը հասարակ զրպարտանք են ու պարզապես չեն համապատասխանում իրականությանը: Իսկ ոսկեգույն հուշանվերն էլ ներկայացվել է որպես «Ոսկե սոսի» մրցանակ:

Փաստն այստեղ այն է, որ ռեստորանում հանդիպումը ներկայացնել որպես մրցանակաբաշխություն և հարցազրույց անբարոյականության դրսևորում է, իսկ հանդիպումից, առանց դիմացինի իմացության, ինչ-որ նախադասություններ վերցնելն ու դրանք աղավաղված հրապարակելը որպես հարցազրույց` հակահայ վարքագծի էժանագին պահվածք: Հուշանվերն էլ, որպես մրցանակի շնորհում ներկայացնելով, էլ ավելի է խորանում բարոյական անդունդը, ինչի մեջ հայտնվել է թուրքական քարոզչամեքենան Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին: 

Ինչ վերաբերում է Սիվիլնեթի գործողություններին, այս օրերի ընթացքում լրատվամիջոցը հնարավորություն ունեցավ բազմիցս անդրադառնալ հարցին` հանդես գալով թեմային ամբողջապես կամ մասնակի անդրադարձող 10 հրապարակումներով (տեղեկատվություն, վերլուծություններ, հարցազրույցներ): Իսկ փոխանցած գաղափարի մեխն այն է, որ Ազնավուրի հանդեպ տածած սերը պետք չէ խառնել դիվանագիտության հետ: Այո, միանշանակ, Շառլին սիրելը ոչ մի կապ չունի թուրքական դիվանագիտության հետ, եթե, իհարկե, կեղծիքի ու զրպարտանքի տարածումը կարելի է դիվանագիտություն անվանել: 

Նաև, ինչպես միշտ, քննադատվում է ՀՀ արտգործնախարարությունն ու իշխանությունները` Ազնավուրին դեսպանի պաշտոնում նշանակելու համար: 
Լիներ Ազնավուրը դեսպան թե ոչ, թուրքերը, միևնույն է, իրագործելու էին իրենց կեղծ ու այլանդակ մտադրությունները` մարդուն դավադրաբար ճաշի կանչելով ու հետը հաց կիսելով, իսկ այնուհետև` մեջքի ետևում զրպարտանքի ու ստորացման փորձեր անելով: 

Իմիջիայլոց, ժամանակը չի փոխում ոչինչ: 1915թ. հայ մեծանուն գրող ու քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը նարդի էր խաղում Օսմանյան Թուրքիայի ոչ անհայտ քաղաքական դեմքերից մեկի` Թալեաթ փաշայի հետ, որի հետ տարիներ ի վեր մտերմիկ հարաբերությունների հետ էր: Դրանից հաշված ժամեր անց Օսմանյան բաշիբոզուկները հենց Թալեաթի հրամանով քարերով բարբարոսաբար ջարդեցին Զոհրապի գլուխը: 

Ու այդքանից հետո Սիվիլնեթի վերլուծաբանները դեռ խոսում են ողբերգություն չսարքելու մասին: Իրական ողբերգությունն այստեղ այն է, որ թուրքական քարոզչամեքենան հեշտությամբ «խոսափողներ» է գտնում հայկական մամուլում` իր կեղծարար ձեռագրի տարածման համար: Ընդհանրապես, ապշեցուցիչ է այն հետևողականությունը, որով Սիվիլնեթն իրար ետևից հոդվածներ, հարցազրույցներ ու ֆելիետոններ է հրապարակում հարցի շուրջ` դիտումներ ապահովելով Ազնավուրի անձի շուրջ պտտվող թեման ուռճացնելուց։

Նաիրա Կարապետյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more