▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Tiktok-ում գովազդ էր տեսել ու շուրջ 300.000 գումար փոխանցել՝ վարորդական վկայականի համար

Tiktok-ում գովազդ էր տեսել ու շուրջ 300.000 գումար փոխանցել՝ վարորդական վկայականի համար, ապա ստացել է sms` անհայտ խարդախ եմ

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են․ «Նոյեմբերի 16-ին, ժամը 15-ին, Երևանի Հաշվառման-քննական բաժնում կաշառք տալու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալվել և Երևան քաղաքի Էրեբունու բաժին է տեղափոխվել Հրազդանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել է, որ մեկ շաբաթ առաջ «ՏիկՏոկ» սոցիալական ցանցում նկատել է գովազդ՝ 300 հազար դրամ գումարի դիմաց վարորդական իրավունքի վկայական արագ ձեռք բերելու վերաբերյալ։
Կանխամտածված կեղծ գովազդի զոհ դարձած քաղաքացին նոյեմբերի 19-ին, ոմն Ա․ Թևոսյան կեղծանունով տելեգրամյան ալիքի օգտատիրոջ հորդորով, Երևանի Սարյան 9 հասցեում գտնվող տերմինալներից մեկով նույն օգտատիրոջ տրամադրած կրիպտոարժույթի հաշվեհամարին, որպես կաշառք, վարորդական իրավունքի վկայական ստանալու համար փոխանցել է 285 հազար և 45 հազար դրամ։
«Նա ինձ զանգահարեց և ասաց, որ պետք է մոտենամ Սարյան 9 հասցե, որտեղ տեղակայված է բիթքոյնի տերմինալ: Ուղարկեցի 285 հազար դրամ: Չեկը նկարեցի և ուղարկեցի իրեն: Մի քանի րոպե հետո զանգահարեց և ասաց, որ իմ անունով ակտ կա, և 2-րդ անգամ փոխանցեցի 45 հազար դրամ: Հետո նա ինձ զանգահարեց և ասաց, որ մոտենամ Գաջի գործարան՝ ՄՌՈւ: Մտա վարորդական վկայական ստանալու սենյակ, և ինձ ասացին, որ իմ անունով վարորդական չկա»,- իր խոսքում նշել է 23-ամյա երիտասարդը:
Մինչ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին ներկայացվելը՝ 23-ամյա երիտասարդը տելեգրամյան օգտատիրոջից ստացել է վերջին հաղորդագրությունը․ «Դուք կորցրեցիք ձեր գումարը: Ես անհայտ խարդախ եմ և գտնվում եմ Վրաստանում, եթե դիմեք ոստիկանություն, դուք կունենաք լուրջ խնդիրներ օրենքի հետ կապված և ինձ չեք կարող բացահայտել: Եթե փորձեք ինձ վիրավորական ինչ-որ բառ գրել, ես ունեմ ձեր տվյալները: Նաև տեղեկացնեմ, որ ձեր գումարը արդեն Վրաստանում է»:
Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տելեգրամյան օգտատիրոջ տվյալները պարզելու, հայտնաբերելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more