▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Ավինյանը դիմել է իրավապահներին

«Հրապարակ»-ը գրում է․ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծես պատերազմ է հայտարարել Երևանի ավագանու խմբակցություններից մեկի անդրօվկիանոսյան ղեկավարին՝ «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանին՝ Դոգին։ Օրերս գրել էինք, որ նա դիսպետչերականից հետո փակ հանդիպման ժամանակ իր ենթականերին խստիվ արգելել է զրուցել Դոգի հետ, պատասխանել նրա զանգերին, առավել ևս՝ նրան «պարոն»-ով դիմել։ Իսկ երեկ տեղեկացանք, որ որոշել են Դոգի ավագանու անդամներին կարգի հրավիրել։ Քաղաքապետարանում ուշագրավ գործընթաց է սկսվել, չնայած հրահանգվել է բոլորին, որ հույժ գաղտնի պահեն այդ մասին։ Գործընթացը ղեկավարում են փոխքաղաքապետներից մեկը՝ Սուրեն Գրիգորյանը, և աշխատակազմի գլխավոր քարտուղար Շավարշ Գրիգորյանը, ով նաև համակարգում է իրավական բլոկը։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հաղորդում են պատրաստել հանցագործության մասին՝ քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու հիմքով, այս խմբակցության անդամների հետ կապված։ Եվ արդեն մի քանի օր է՝ Սուրեն Գրիգորյանն ու Շավարշ Գրիգորյանը հետաքննություն են անում, թե «Հանրային ձայնի» ավագանու անդամներն ում հետ են առնչվել, ինչ հարցերով։ Քաղաքապետարանում դիմում է պատրաստվել, որը պետք է ստորագրեն բոլոր նրանք, ովքեր առնչություններ են ունեցել այս խմբակցության անդամների հետ, և այդ դիմումը պետք է ներկայացվի իրավապահներին, ավելի կոնկրետ՝ Գլխավոր դատախազություն։ Մեզ ասացին, որ եղել են հրաժարվողներ, եղել են խուսափողներ, բայց մեծ մասը ստորագրել է։
Բանն այն է, որ «Հանրային ձայնի» ավագանու անդամները սկսել են այցելել քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներ՝ պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, դպրոցներ, այլ հիմնարկներ։ Նրանք զանգում և պահանջներ են ներկայացնում տարբեր վարչությունների պետերին, և սա ոմանք դիտում են որպես քաղաքապետարանի բնականոն գործունեությանը խոչընդոտելու փորձ։ Եվ փորձելու են իրավական գործընթացով կանգնեցնել նրանց, որ նրանք իրենց լիազորություններից դուրս չգան»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more