▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի ֆոնդային բորսայում․ ներդրումային նոր հնարավորություններ

2024 թվականի դեկտեմբերի 30-ին «ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲԸ-ն մուտք գործեց Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի շուկա՝ դառնալով 12-րդ ցուցակված ընկերությունը։ Ընկերությունը ցուցակեց իր բաժնետոմսերը բորսայի երկրորդային (B) ցուցակում՝ ապահովելով նոր մակարդակի հասանելիություն ներդրողների լայն շրջանակի համար։

«Թել-Սել» ԲԲԸ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով և 35 ՀՀ դրամ անվանական արժեքով 34,650,000 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր։ Վերոնշյալ բաժնետոմսերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։ Ցուցակված բաժնետոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Ցուցակման առաջին ամսվա ընթացքում Ընկերության կապիտալիզացիան աճել է 4.75%` 13,860,000,000 ՀՀ դրամից դառնալով 14,518,350,000 ՀՀ դրամ։ Ավելին, ընկերությունը նախատեսում է ցուցակումից հետո երեք ամիսների ընթացքում լրացուցիչ որոշմամբ հաստատել համապատասխան կարգը՝ մինչև 350,000 հատ բաժնետոմսեր աշխատակիցներին առաջարկելու և/կամ բաժնետիրացման ծրագրի շրջանակներում վերջիններիս տրամադրելու վերաբերյալ։

«Թել-Սել» ԲԲԸ-ի բաժնետոմսերի հրապարակային առաջարկի (IPO) գործընթացը մեկնարկել էր 2024 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվել նոյեմբերի 30-ին։  Ընդհանուր առմամբ, թողարկվել են 1,540 միլիոն դրամ արժողությամբ 3,850,000 հատ բաժնետոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։ Բաժնետերերի և անվանատերերի թիվը կազմել է 3,631։ Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացրել է «Արմբրոկ» ԲԲԸ-ն։

«Թել-Սել» ԲԲԸ բաժնետոմսերը կարող եք ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի անդամների միջնորդությամբ՝ բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով բաժնետոմսերի ձեռք բերման հայտ։ Բորսայի անդամների ցուցակը այստեղ։

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ընդգծել է.
«Թել-Սել» ԲԲԸ-ի ցուցակումը Հայաստանի ֆոնդային բորսայում կարևոր քայլ է ոչ միայն ընկերության զարգացման, այլև կապիտալի շուկայի ընդլայնման տեսանկյունից։ Մեր նպատակն է շարունակաբար աջակցել հայկական ընկերություններին՝ նոր ֆինանսավորման աղբյուրներ ապահովելու և ներդրողների համար նոր հնարավորություններ ստեղծելու միջոցով։»

«Թել-Սել» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը նշել է. «Ուրախ եմ և հպարտ, որ մեր ընկերության բաժնետեր դառնալու առաջարկն այդչափ հետաքրքրություն առաջացրեց շուկայում և նախանշած ժամկետից շուտ սպառվեցին բաժնետոմսերը։ Սա փաստում է նրա մասին, որ Telcell ընկերության գրանցած տարիների կայուն աճը վստահություն ու հավատ է ներշնչել մեր ապագա բաժնետերերի մոտ, ինչը ոչ միայն ոգևորիչ է, այլև պարտավորեցնող։ Telcell ընկերությունը միշտ կարողացել է պահպանել առաջատար դիրքերը խիստ մրցակցային դարձած շուկայում և դիվերսիֆիկացրել պորտֆելը մի շարք ռազմավարական ուղղություններով՝ ստեղծելով էկոհամակարգային բիզնես։ Ի դեպ, վճարահաշվարկային  ոլորտում Telcell-ն առաջինն է Հայաստանում, որ իրականացրել է IPO (Initial Public Offering- նախնական հրապարակային առաջարկ) և թողարկել բաժնետոմսեր։ Սա ևս խոսում է նրա մասին, որ Telcell-ը ձգտում է դառնալ առավել բաց ու թափանցիկ»։

«Թել-Սել» ԲԲԸ-ն հանդիսանում է Հայաստանում վճարահաշվարկային և հարակից ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունններից մեկը, որը գործում է շուկայում արդեն 17 տարի։ Ընկերությունը Հայաստանում առաջինն է տեղադրել վճարային տերմինալներ, որոնց թիվը ներկայումս գերազանցում է 4,500-ը։ Մինչ այսօր ընկերությունը շարունակում է իր շարունակական զարգացման ծրագիրը և իր հաճախորդներին տրամադրում նոր վճարահաշվարկային լուծումներ։

Հայաստանի ֆոնդային բորսան Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։ Բորսայական վերջնահաշվարկն իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։ AMX-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more