▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստենտավորումը՝ որպես «նոր ձեռքբերում». բժիշկը բացահայտում է մանիպուլյացիան

Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրումից անցել է 100 օրից ավելի, սակայն ոլորտի շուրջ քննարկումները չեն դադարում։

Վերջին փակ քննարկումներից մեկի ընթացքում առողջապահության նախարարը հայտարարել է, որ համակարգի ներդրումից ի վեր իրականացվել է 68 հազար վիրահատություն և 1 միլիոն 386 հազար ամբուլատոր ծառայություն՝ ներառյալ խորհրդատվություններն ու կոնսերվատիվ բուժման նշանակումները։ Սակայն մասնագիտական շրջանակներում այս թվերը միանշանակ չեն ընդունվում։

«Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը հրապարակմամբ արձագանքել է ներկայացված տվյալներին՝ դրանք որակելով որպես մանիպուլյացիա։ Նրա գնահատմամբ՝ նշված 68 հազար վիրահատությունների զգալի մասը կազմում է սրտի ստենտավորումը, որը մինչև համակարգի ներդրումն իրականացվում էր պետական պատվերի շրջանակներում։

Բժշկի պնդմամբ՝ այս հանգամանքն էական է, քանի որ տվյալ ծառայությունը նախկինում ևս հասանելի էր քաղաքացիներին պետության ֆինանսավորմամբ։ Այսինքն՝ անկախ նոր ապահովագրական համակարգի ներդրումից, պացիենտները շարունակելու էին ստանալ այդ միջամտությունը պետական միջոցների հաշվին։

«Մանիպուլյացիան այն է, որ 68000 վիրահատությունից գերակշռող մեծամասնությունը սրտի ստենտավորումն է, որը մինչև համակարգի ներդրումն էլ կատարվում էր պետպատվերի շրջանակներում։ Այսինքն՝ համակարգը, եթե չներդրվեր, միևնույն է, պացիենտներն այդ միջամտությունը ստանալու են պետության վճարման հաշվին։ Ուստի, հարգելի տիկին նախարար, հանեք այդ թիվը 68000-ից և կստանաք մի մասը, ովքեր որ շահել են առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրումից»,-նշել է Գևորգ Գրիգորյանը։

Մեկ այլ հրապարակմամբ էլ բժիշկը նշել է, որ առողջապահության նախարարը հերթական անգամ խուսափելով ճշմարտության հետ առերեսվելուց և վախենալով մեր հետ բանավեճից, Ազգային ժողովի փակ քննարկման շրջանակներում ասել է, որ ապահովագրական համակարգի ներդրումից ի վեր իրականացվել է 68 հազար վիրահատություն և 1 միլիոն 386 հազար ամբուլատոր միջամտություններ։

«Հարգելի տիկին նախարար, այդ 68 հազար վիրահատություններից քանի՞սն էին պետպատվերի շահառու, որոնք կարող էին ստանալ այդ նույն վիրահատությունը պետության ֆինանսավորմամբ՝ առանց ապահովագրված լինելու։ Այսինքն՝ այդ քաղաքացիների համար ապահովագրական համակարգի ներդրումը որևէ էական փոփոխություն չի առաջացրել։

Ուստի, եթե այդ մարդկանց թիվը հանենք ապահովագրվածների ընդհանուր թվից, ապա կստանանք այն իրական պատկերը, որը ցույց կտա՝ իրականում ովքեր և ինչ չափով են շահել առողջության համընդհանուր ապահովագրական համակարգի ներդրումից»,-ներկայացրեց Գևորգ Գրիգորյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more