▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են

ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Այս մասին տեղեկությունը «Ֆակտոր»-ի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից։

Ըստ մամուլի հրապարակումների՝ ՔԿ-ի կողմից խուզարկություն է իրականացվում «Ուիգմոր»-ում:

***

Lուրեր.com-ն էլ գրում է, որ կայքին հայտնի է դարձել, թե որ հիվանդանոց են ներխուժել ԱԱԾ եւ Քննչական կոմիտեի աշխատակիցները: Այս պահին իրավապահները ներխուժել են Զեյթունում գործող «Ուիգմոր» մանկական նորակառույց հիվանդանոց, որն, ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, հենց  Առողջապահության նախարար Անահիտ  Ավանեսյանի ընտանիքի հետ է փոխկապակցված։ Նկատենք, որ նույն ժամին զուգահեռաբար ԱԱԾ-ն ներխուժել է ու մինչ այս պահը խուզարկություն է իրականացնում նաեւ Առողջապահության նախարարությունում։

Կայքին փոխանցված տվյալներով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկի հետ փոխկապակցված (ըստ հրապարակումների)  «Ուիգմոր» ԲԿ մի քանի աշխատակիցների նկատմամբ արդեն իսկ կա առաջադրված մեղադրանք` պետպատվերի փողերի լվացման ենթադրյալ գործով։  

Ընդգծենք՝ «Ուիգմոր» մանկական հիվանդանոցը ընդամենը 2 տարվա պատմություն ունի, բայց արդեն հասցրել է մամուլի էջերում հայտնվել սկանդալային պատմություններով, ի դեպ՝ այս նորաստեղծ ԲԿ-ն ՔՆ-ից ստանում է մինչեւ 700 մլն դրամ պետպատվեր եւ սա մասնագիտական շրջանակում բուռն քննարկումների առիթ է դարձել։

Ավելի ուշ կայքը մանրամասներ կհայտնի սպասվող  ձերբակալությունների մասին, առայժմ չեն նշվում անուններ` նրանք պաշտոնյաների՞, բժիշկների՞, թե՞ ԲԿ ադմինիստրատոր կազմից են:

* * * 

«Արմլուր»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակներում այս պահին բերման ենթարկված 3 անձ կա։ Նրանք են՝ ՊԱԳ նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, Ուիգմորի տնօրեն Զավեն Քոլոյանը, Առողջապահության նախարարության Լիցենզիոն գործակալության աշխատակից Տիգրան Ասլաբադյանը։

* * *

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more