▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոցիոլոգիայից արտագաղթ` շոու-բիզնես. Արմեն Վարդանյան

barometer.am-ը գրում է. Հաճախ հեռուստատեսային "դեմքերի" մասին դատելիս, նրանց բազային մասնագիտությանը վերջին պլանում ենք անդրադառնում: Այնինչ, շատ դեպքերում հենց մասնագիտական որակներն են օգնում նրանց հասնել նշանակալի հաջողությունների: Արմեն Վարդանյանի հետ երկխոսությունը շոշափում էր նաև այս խնդիրը:

Ձեզ բոլորը գիտեն հեռուստատեսային "դեմք", բայց շատ քչերն են ճանաչում որպես սոցիոլոգ, կոնֆլիկտաբան: Շատ եք հեռացել Ձեր մասնագիտությունից.

Ասում են սոցիոլոգները հասարակության բժիշկներն են, գուցե ասում են մեզ ոգևորելու համար, բայց դրա մեջ ճշմարտության հատիկ, կարծես, կա: Սոցիոլոգիան շատ լայն գիտություն է, այն ուսումնասիրում է ամեն ինչ` սկսած մարդկանց միջանձնային հարաբերություններից, ընտանիքի դերից մինչև ավելի գլոբալ խնդիրներ: Գիտեք, հիմա շատ մեծ երանությամբ եմ հիշում, որ Համալսարանում կոնֆլիկտոլոգիայի ամբիոնը ստեղծվեց և ձևավորվեց նաև իմ շատ համեստ ջանքերով: Մինչև Ազգային բանակ զորակոչվելն այնտեղ աշխատել եմ:

Որքանով են համատեղելի, հեռուստահաղորդավարի աշխատանքն ու Ձեր մյուս երկու մասնագիտությունները:

Յուրաքանչյուր հաղորդավար, պրոդյուսեր, սցենարիստ որևէ պրոյեկտ սկսելուց առաջ` ինչպես սոցիոլոգը, ունենում է հիպոթեզ, այսինքն  նախապես ուսումնասիրում է. ինչը` ինչպես պետք է լինի, ինչ կարծիքներ կան տվյալ թեմայի կամ իրադարձության շուրջ: Համատեղելի է հենց այնքանով, որ հնարավորություն է տալիս հստակ իմանալ, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի համապատասխան ռեյտինգ ապահովես, բայց նաև դրա մեջ չկորցնես քո "եսը": Ես իմ հաղորդումներում, եթե ասեմ ներկայացուցչական հարցումներ եմ անցկացրել` կստեմ, բայց որոշ շրջանակներում հենվելով այլոց կարծիքների վրա կարողացել եմ հասկանալ՝ ինչ են մարդիկ մտածում, և առհասարակ, ինչ է անհրաժեշտ:

Մի առիթով Լյուդմիլա Հարությունյանը բնորոշելով մեր հասարակությանը, կարճ տվեց նրա վիճակի նկարագրությունը` "մեր հասարակությունը հիվանդ է": Դուք համամի՞տ եք այս բնորոշմանը, եթե այո ապա ինչ հիվանդություն է դա և որպես սոցիոլոգ` հասարակության բժիշկ ինչ դեղատոմսեր կառաջարկեիք:

Ես չգիտեմ առողջ հասարակություն եղել է, թե ոչ, նույնիսկ Պլատոնի առաջարկած տարբերակներում էլ միշտ չէ, որ այդպես է եղել: Առողջ հասարակություն ընդհանրապես չի կարող լինել, եթե մեր ժամանակաշրջանը դիտարկենք, խնդիրներ կան ամենուր: Նույն ԱՄՆ-ում, կամ Նորվեգիայում, որոնք անհամեմատ ավելի զարգացած երկրներ են, տարբեր ահաբեկչություններ են լինում, մարդկանց ճակատագրեր են խեղվում: Հիվանդությունները շատ են, անձամբ ես ինձ համար, որպես դեղատոմս ընտրել են Հայաստանում ապրելը: Աշխատում եմ անտարբեր չլինել, անտարբերությունը սարսափելի մի երևույթ է և՛ մի հասարակության մեջ, որտեղ ամեն ինչ կարգին է, և՛ այնտեղ, որտեղ տրամագծորեն հակառակ վիճակն է:

Հիմա կոնֆլիկտն ավելի շատ հասարակություն-իշխանություն հարթության վրա է, թե՞ բուն հասարակության ներսում:

Հասարակության և իշխանության միջև կոնֆլիկտ միշտ էլ կա, և լինելու է: Դա պայմանավորված է տարբեր պատճառներով` սկսած հասարակ սոցիալական կեցությունից մինչ ավելի գլոբալ հարցեր: Սա, սակայն ամենևին չի նշանակում, որ մենք  խնդիրներ չունենք ինքներս` մեր մեջ: Մեր՝ հայերիս մեջ կա խնդիր` շատ ենք անհատականացված: Տարբեր հարցերում մեր անհատական կարծիքն ունենալը պարտադիր պայման է մեզ համար: Այն հզոր զենք է, մեր անհատականության անբաժանելի մասը: Մեր հասարակության մեջ նաև ինչ-որ բանի նկատմամբ պատասխանատվություն ունենալու խնդիր կա: Մենք բոլորս ամեն ինչ գիտենք, ամեն ինչ կարող ենք, բայց միաժամանակ` ոչ մի խնդիր չի լուծվում կամ լուծվում է այնքանով, որքանով: Մի տեսակ "կիսատպռատիզմ" կա ամենուր:

Մեր հասարակության մեջ ի՞նչ տեղ է զբաղեցնում մարդը, արդյոք կարող ենք ասել, որ մարդակենտրոն հասարակություն ունենք, թե՞ Հոբսյան "մարդը` մարդուն գայլ" մոդելն է աշխատում.

 Էսպես, միանգամից այս հարցին պատասխանելը հեշտ չէ: Նախ, ինչ ասել է մարդակենտրոն հասարակություն. ես հասկանում են այսպես` հասարակություն, որտեղ գործում են հանուն մարդու սկզբունքներ, նորմեր, որտեղ մարդը բարձրագույն արժեք է և ոչինչ չի խոչընդոտում նրա ինքնաիրացմանն ու առաջընթացին: Այս տեսանկյունից, մեր հասարակությունն որոշակի խնդիրներ, այնուամենայնիվ ունի: Բայց մյուս կողմից այնքան էլ տեղին չէ Ձեր նշած Հոբսյան բանաձևի պրոյեկտումը մեր հասարակության վրա: Կարծում եմ մենք մի քիչ վեր ենք կանգնած դրանից, թեպետ այդ "գայլային" դրսևորումներն էլ քիչ չեն…

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more