▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շիրակի մարզում ողբերգական վթարի հետեւանքով զոհերի թիվը հասավ 3–ի

Նոր Տարվա առեւտրի էին գնացել. Շիրակում ողբերգական վթարից զոհվածներից մեկը 3 անչափահասների հայր էր, մեկը պատրաստվում էր ամուսնանալ

Նոր մանրամասներ են հայտնի դարձել երեկ Գյումրի–Ազատան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից, որի հետեւանքով երեք մարդ էր մահացել։

Նրանք բոլորն էլ Ազատան գյուղի բնակիչներ են. 24–ամյա Վահե Ղաբանյանը, 41–ամյա Արմեն Չարխիֆալաքյանը և 56–ամյա Մարինա Մկրտչյանը։

Մի ավտոմեքենան Գյումրիից վերադառնում էր Ազատան, իսկ մյուսը՝ Ազատանից գնում էր Գյումրի՝  նոր տարվա գնումների ու նախապատրաստությունների համար։

Մի մեքենայում եղել է մայրը, տղան ու տղայի մանկության ընկերը։ Մանկության ընկերը՝ Վահե Ղաբանյանը ու մայրը՝56–ամյա Մարինա Մկրտչյանը մահացել են։ Մյուս մեքենայում էլ եղել են 2 հոգի, որոնցից մեկը՝ Արմեն Չարխիֆալաքյանը, մահացել է։

24–ամյա Վահե Ղաբանյանը պատրաստվում էր ամուսնանալ։ 56–ամյա Մարինան խնամում էր իր 3 թոռներին, քանի որ դուստրը տարիներ առաջ մահացել է։

Իսկ 41–ամյա Արմեն Չարխիֆալաքյանը 3 անչափահասների հայր էր։

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի–Ազատան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Ազատան ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս հայտաբերվել է ուղևորի դին։

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները «Lada» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և ավտոմեքենաներից դուրս բերել երկու դի։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ախուրյանի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more