▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Դեֆանս Հաուզինգ»-ը ֆինանսական խնդիրներ ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն , որը բնակելի շենքերի կառուցապատմամբ է զբաղվում, ֆինանսական խնդիրներ ունի: Մեր խմբագրություն են ահազանգում քաղաքացիները՝ նշելով, որ ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել, ու իրենք անհանգստացած են այդ հանգամանքով: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի գրասենյակից, որտեղից ի պատասխան հայտնեցին.

«Ինչ բողոքներ ներկայացրել են բնակիչները, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Մեր շինարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի առաջ են գնում։ Մենք բնակարանները արդեն ձեռք բերած մարդկանց զանգում ենք, բերում ենք շինհրապարակ, իրենք հետեւում են շինաշխատանքներին»: Հավելենք, որ մեզ հայտնի դարձավ՝ անգամ 2020 թվականին Երեւան համայնքը դիմել է Սնանկության դատարան:

Իր հայցում Երեւանի քաղաքապետարանը նշել է, որ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն, հանդիսանալով ք. Երեւան, Տիչինայի փողոց, թիվ 322 հասցեում գտնվող 110000 քմ մակերեսով հողամասի կառուցապատող, չի կատարել կառուցապատման իրավունքի համար պայմանագրով սահմանված վճարային պարտավորությունները, որի արդյունքում վերջինիս 60-օրյա ժամկետը գերազանցող դրամական պարտավորությունները Երեւան համայնքի հանդեպ կազմում են 1 133 006 ՀՀ դրամ, որից վարձավճարի պարտքը՝ 1 087 273 ՀՀ դրամ, տույժը՝ 45 733 ՀՀ դրամ, սակայն դատարանը մերժել է Երեւանի քաղաքապետարանի դիմումը: Հավելենք, որ մամուլը բազմիցս է անդրադարձել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի սեփականատեր, նախկինում իրավապահ համակարգում գործունեություն ծավալած Կարեն Կարապետյանի գործունեությանը:

Մասնավորապես՝ 2012 թվականին մամուլը գրել էր, որ խուլ հակասությունների մեջ էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 12,5-ական բաժնետոմսեր ունեցող «Զանգեզուր Մայնինգ» եւ «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշըն» ընկերությունները: Նշված ընկերությունների «փայատերեր» Կարեն Կարապետյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ տարաձայնություններ են առաջացել հիմնականում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնի վրա` կապված մոլիբդենի արտադրության ու վաճառքի ցուցանիշների հետ:

«Ասում են` երկու գործարարների շահերը բախվել են նաեւ արտահանման ծավալների շուրջ, որոնց արտադրանքի 80 տոկոսը արտահանվում է Եվրոպա, իսկ 20 տոկոսը` Ասիա: Ի դեպ, «Արմենիա Փրոդաքշընի» տնօրեն Կարեն Կարապետյանը, որը նախկինում իրավապահ համակարգում է աշխատել, շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Պատահական չէ, որ այս կազմակերպությունում վարչապետի ազգականներից մեկը շատ լուրջ պաշտոն է զբաղեցնում: Երկու գործարարների միջեւ ստեղծված լարվածության շուրջ մեկնաբանություն էր տվել Կարեն Կարապետյանը՝ հայտնելով. «Վայ, չէ, չէ, ի՞նչ տարաձայնություն, ի՞նչ բան. տենց բան չկա: Ախր, էդ որտեղի՞ց են տենց բաները գալիս ձեզ հասնում, տենց բաներ մի՛ արեք, մի՛ գրեք, մեզ խայտառակ մի՛ արեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more