▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Շահրամանյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

«Նիկոլ Փաշինյանի հետ մինչ օրս չեմ հանդիպել, փորձեր չեմ արել, թեպետ այդ հանդիպումը կլիներ բնական։ Մեր վերադարձը մեր իրավունքն է և չի կարող որևէ կերպ հակասել ՀՀ պետական շահերին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Շահրամանյանն է ստորագրել Արցախի լուծարման փաստաթուղթը և ինքը կապ չունի Արցախը հանձնելու հետ, նախագահը պատասխանել է. «Տեղահանվելով և ՀՀ տեղափոխվելով՝ մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ մեր համար առաջնահերթություն է ՀՀ անվտանգությունը և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի չվտանգենք այն գործընթացները, որոնք իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից՝ չվնասելով անվտանգային համակարգին։ Սակայն տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է Արցախի լուծարման հետ կապված հարցը։ Առաջինը՝ դա սուտ թեզ է և այդ փաստաթուղթը մենք ստիպված ենք ստորագրել՝ ապահովելով խաղաղ բնակչության, զինված ուժերի և ուժային կառույցների ղեկավարների անվտանգ տեղափոխումը ՀՀ։ Այդ փաստաթղթի մասով ուզում եմ տեղեկացնել, որ այն հակասահմանադրական և հակաօրինական է, չի ստացել իրավական ուժ, չի հրապարակվել, չի համարվում նորմատիվ ակտ։ Մենք այդ փաստաթղթի վերաբերյալ որոշում ենք կայացրել, որը ներկայացրել եմ ՀՀ կառավարություն։ Եվ այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ իշխանությունները տեղյակ են եղել, որ նման թուղթ է ստորագրվելու»,- ասել է Շահրամանյանը՝ հավելելով, որ Արցախի ժողովրդի անունից վերջին տասնամյակներում մշտապես բանակցել են ՀՀ իշխանությունները և Արցախի հարցը միջազգային օրակարգ բերելը ևս ՀՀ իշխանությունների խնդիրն է․ «Մենք պատրաստ ենք համագործակցել շահագրգիռ բոլոր կառույցների հետ։ ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն՝ պաշտպանելու արցախցիների իրավունքները»,- ասել է նա:

***

«Դուք պատրա՞ստ եք վերադարձի հարցով Ադրբեջանի հետ բանակցություններ սկսել և մինչ այս արդյո՞ք նման քննարկումներ եղել են»,- հարցին ի պատասխան՝ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Մենք պատրաստ ենք տարբեր ձևաչափերով հանդիպումների, բանակցությունների, կարևորը՝ դրված լինի և ձևակերպված լինի ճիշտ խնդիր ու ձևաչափ։ Մենք պատրաստ ենք ՀՀ համապատասխան կառույցների հետ համագործակցել այդ հարցով»։

***

«Սեպտեմբերի 2-ը մշտապես նշել ենք որպես տոն, այն այսօր մեզ համար ավելի շատ դառնության օր է։ Սակայն մեծ հույսեր ունենք, որ մեզ կհաջողվի վերադառնալ հայրենիք»,- «Եռաբլուր»-ում, լրագրողների հետ զրույցում, ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը․ «Թե ինչ կարգավիճակով և ինչ ձևով կարող ենք վերադառնալ, այդ հարցը մեր օրակարգում է և լուծման համար ԱՀ ԱԺ կողմից ստեղծվել է հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ Նրա հետ պարբերաբար շփվում և քննարկում ենք հնարավոր վերադարձի հետ կապված տարբերակները, որոնք բազմաթիվ են։ Արցախցիները մեծ ցանկություն ունեն վերադառնալ, հայկական դարձնել Արցախը։ Մեր վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, արժանապատիվ, արդարացի, և մենք պետք է ապահով զգանք մեր հայրենիքում: Եթե այդ պայմաններն ապահովվեն, մենք պատրաստ ենք բանակցել այդ հարցերի շուտափույթ լուծման համար»,- ասել է Շահրամանյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի հետ մինչ օրս չի հանդիպել, ոչինչ չի քննարկել։

***

Օգոստոսի 31-ին հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Բաքվի բանտում գտնվող Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, ասել էր․ «Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից, ո՞վ խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը, ո՞վ գործուղեց ՀՀ, ԼՂ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, խոստումներով, ո՞վ վերջում ասաց՝ գիտեք ինչ, մենք այդքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ թե, այլ երկրի քաղաքացի է»։
Այսօր լրագրողների հետ զրուցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ասել է․ «Ինձ թվում է այդ հայտարարությունն անողները պետք է ավելի բաց և ճիշտ խոսեն հանրության հետ, որպեսզի պարզ լինի, թե ինչի է մասին է խոսքը»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more