▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահրամանյանն Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկել է, պատճենն ուղարկել Փաշինյանին

«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի և իշխող վարչակարգի այլ ներկայացուցիչների սպառնալիքներին՝ Արցախի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը, մեր տեղեկություններով, Արցախի լուծարման հրամանագիրը չեղարկելու որոշում է ստորագրել, որի մասին հաշված թվով մարդիկ գիտեն։ Որոշումը ստորագրվել է դեկտեմբերի 10-ին, իսկ պատճենն ուղարկվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թերևս փորձելով կանխել հետագա շահարկումները ՔՊ-ականների կողմից։ Հիշեցնենք․ անցած տարվա սեպտեմբերի 28-ին՝ Ադրբեջանի ռազմական հարձակումից օրեր անց, Սամվել Շահրամանյանը հանդիպումներ ունեցավ ադրբեջանական կողմի հետ և հայտարարություն տարածեց, թե հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդադարեցնի իր գոյությունը, այդ թվում՝ մինչեւ հունվարի 1-ը կլուծարվեն նաև պետական բոլոր կառույցները։
Ըստ հրապարակման՝ Շահրամանյանը որոշումն ընդունել է՝ հանուն Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման։ Բուն հրամանագրի տեքստը չի հրապարակվել, դրա մասին միայն տեղեկություն է տարածվել, նախ՝ ռուսերեն, ապա՝ հայերեն։ Եվ դա հրապարակվել է ոչ թե նախագահականի կայքում, այլ այդ օրերին Ստեփանակերտից ստացվող պաշտոնական լրատվության միակ հարթակ դարձած Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում։

Արցախը դատարկվելուց հետո հատկապես հայաստանյան իշխանական շրջանակները պարբերաբար թմբկահարում էին այդ որոշումը և պատասխանատվության ողջ բեռը փորձում դնել Շահրամանյանի ուսերին՝ հայտարարելով, որ մեկ հրամանագրով նա մի ողջ պետություն է լուծարել, և փորձում էին Արցախը հանձնելու մեղքը և մարդկանց զայրույթն ուղղել նրա կողմը։ Մինչդեռ արցախցի քաղաքական և հասարակական գործիչները հակադարձում էին, որ այդ հրամանագիրն իրավական ուժ չունի, քանի որ որեւէ հրամանագրով հնարավոր չէ լուծարել որևէ պետություն, այս պարագայում՝ նաև Արցախը։ Այն, ինչպես ստեղծվել է ժողովրդի հանրաքվեով, նույնկերպ է միայն հնարավոր լուծարել։
Ինչևէ, տեղեկացանք, որ ավելորդ շահարկումներից խուսափելու համար Սամվել Շահրամանյանն իր ստորագրած որոշումը չեղարկելու նոր որոշում է ընդունել, սակայն այդ մասին չեն պատրաստվում հրապարակային հայտարարել՝ հաշվի առնելով իրենց հնարավոր ակտիվանալու պարագայում հայաստանյան իշխանությունների սպառնալիքները և շահարկումները, թե դրանով վտանգելու են ՀՀ անվտանգությունը և խոչընդոտելու են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։ Մեր աղբյուրն ասաց, որ Շահրամանյանը որոշում ունի առժամանակ լռություն և քաղաքական պասիվություն պահպանել, փոխարենը որոշակի ակտիվություն կդրսևորի Արցախի խորհրդարանը՝ պատգամավորները, որոնք անցած տարեվերջին գաղտնի նիստ էին հրավիրել և Արցախի հարցով հանձնախումբ ստեղծելու որոշում կայացրել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more