▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա խոսում է դեպի վեհարան մի նոր գրոհի մասին»․ Սյուզի Բադոյան

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Թարմացում․«Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրենի աշխատասենյակում խուզարկությունն ավարտվել է, Արմեն Չարչյանի աշխատասենյակից որոշակի փաստաթղթերից բացի իրավապահները նաև գումարներ են վերցրել. Էրիկ Ալեքսանյանը շեշտեց՝ ըստ էության, այս ամենը վերաբերում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն 

Պաշտպանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2025–ի հոկտեմբերի 8-ին հաղորդում է ներկայացվել, իսկ հոկտեմբերի 9-ին վարույթ է նախաձեռնվել, սակայն դրանից 4 ամիս անց միայն խուզարկություններ անցկացնելու որոշում է կայացվել։ 

««Իզմիրլյան» ԲԿ-ն 2015-2025թթ․ իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ՝ իբրև Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած իբրև ուներ հնարավորություն տվյալ պարագաները ձեռք բերել ավելի ցածր արժեքով՝ ուղղակի ներմուծող և արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև թույլ տալով նաև, որ այդ ընկերությունները, որոնք ունեն փոխկապակցվածություն Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացնեն մեծ շահույթներ՝ այդ կերպ խուսափելով առանձնապես խոշոր  չափերով հարկերից և արդյունքում որոշակի գործարքներ կատարելով՝ իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները»,- ասաց Ալեքսանյանը։

***

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իզմիրլյանն են խուզարկում առավոտ կանուխ․ սա խոսում է դեպի վեհարան մի նոր գրոհի մասին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։

ՔԿ-ից էլ հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ։ Իսկ թե ինչ վարույթի մասին է խոսքը՝ կառույցից դեռևս չեն մանրամասնում։

***

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր երկրում «իրավապահ» մարմիններն ամբողջությամբ վերածվել են իշխող քաղաքական ուժի ու անձամբ դրա ղեկավարի նեղ շահերը սպասարկող քաղաքական կառույցների։ Այդ մարմինների աշխատանքում «իրավունքի շահ» կոչվածը գնալով մոմի պես հալչում է։ Այլ կերպ՝ օրենքի ձևական, ընթացակարգային կողմը պահում են, բայց բովանդակային, արժեքային կողմը ոչ մի կապ չունի բուն իրավունքի հետ - փաթեթի վրա գրված է «կոնֆետ», բայց մեջը ինչ-որ աղտեղ բան է։ Ու դրա մասին վկայող փաստերը անթիվ-անհամար են։
Ուստի արդեն հիմա՝ անգամ Քննչականի պարզաբանումները չլսելով, կարելի է փաստել, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող «Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ, ու այն ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more