▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ կոչ է արել թույլ չտալ «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի դասագրքի մուտքը դպրոց

Թարմացված․ Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն»,- ասվում է նախարարության պատասխանում։

***

ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել հայկական դպրոցների 8-րդ դասարանի պատմության դասագրքի «չափազանց կասկածելի բովանդակության վրա»:
Գերատեսչությունը մատնանշել է նոր դասագրքերում Ռուսաստանի դերի խեղաթյուրումը և կոչ արել երկրի իշխանություններին` «աչք չփակել» դրա վրա և թույլ չտալ նման դասագիրք դպրոցներում։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է դիվանագիտական ​​գերատեսչության կայքում։

«Նոր դասագրքի գլուխներից մեկում՝ «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրի ներքո, խեղաթյուրված են ներկայացված 18-րդ դարի վերջի-19-րդ դարի սկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։ Մասնավորապես, վերանայման ենթակա են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Թուրքմենչայի խաղաղությունը ոչ պակաս, քան Արևելյան Հայաստանի «անեքսիա» է կոչվում»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նման մեկնաբանությունը կարող է զարմացնել ցանկացած պատմաբանի: Եթե կարդաք լուրջ աղբյուրներ, այդ թվում՝ հայկական, ապա կարող եք տեսնել 1828 թվականի հաշտության պայմանագրի բոլորովին այլ մոտեցումներ։ Մինչև վերջերս հանրապետության ​​դասագրքերում այն ​​գնահատվում էր` որպես «վիթխարի նշանակություն»։ Հայկական պետականության հետագա վերականգնման համար Ռուսական կայսրության, այնուհետև՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը կասկածի տակ դնելը նշանակում է դեմ գնալ մեր ընդհանուր պատմությանը: Դիվանագիտական ​​գերատեսչությունը հուսով է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագրքեր ներդնել դպրոցներում և այլևս աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու` նման արատավոր փորձերի վրա։

Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական ամոթալի փորձի մասին է. արևմտյան քարոզչության և քաղաքական ինժինիրինգի լավագույն ավանդույթներով սպիտակը սև է կոչվում առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով», որոնք ջանում են հաճոյանալ իրենց հովանավորներին։ Նման ձևակերպումների ներմուծումն ուղղակիորեն հակասում է պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին: Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի` 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ ընդհանուր մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակելու պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»»,- հիշեցնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more