▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում սկզբում չեն հավատացել, որ հող է հանձնելու

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորներից շատերի կարծիքով՝  Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի հնարավորինս սեղմ ժամկետում` արագությամբ։ Նրանք դա հասկացել են Փաշինյանի «նեղ կռուգից» ստացված կցկտուր տեղեկատվությունից։ Դեռեւս երկու ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ Փաշինյանն «ավետել» է, որ պատրաստվեն առաջիկայում չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն։ Ներկաներից շատերը նույնիսկ չեն էլ հավատացել, որ այսքանից հետո վարչապետը որոշել է նման բեռ վերցնել ուսերին` նախորդ հանձնածները դեռ չմարսած:

Փաշինյանի երեկվա պահվածքից եւ Տիկտոկում հանդես գալուց հետո ակնհայտ դարձավ, որ գյուղացիներին տված խոստումը, թե` կմտածեմ, կպատասխանեմ ձեզ, հերթական սուտն է: Նա տիկտոկյան հարթակով արդեն սպառնում էր՝ եթե չտանք, պատերազմ կլինի։

Ի դեպ, երեկ վաղ առավոտյան մեզ լուրեր հասան, որ երկու ավտոբուս ոստիկանական զորք է ուղարկել Տավուշ, որտեղ նախօրեին հայտարարել էին, թե բողոքի ակցիա են անելու, ճանապարհ են փակելու։ Բայց, մեր աղբյուրի պատմելով, ոստիկանները Ոսկեպարում եղել են շատ կարճ ժամանակով` գյուղացիները նկատել եւ աղմուկ են բարձրացրել, նրանք նստել են ավտոբուսն ու հեռացել։ Իսկ բողոքի ակցիան հետաձգվել է Ոսկեպարում բնակիչներից մեկի թաղման պատճառով։

Ի դեպ, Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանն իր հետ տարել էր նաեւ ՆԳՆ նախարար, իջեւանցի Վահե Ղազարյանին, որ վախի մթնոլորտ ստեղծի եւ հասկացնի, որ անհնազանդները պատժվելու են»:

Թարմացված․ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կրկին անհարմար դրության մեջ է դրել իր թիմակիցներին. ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արված վերջին հայտարարություններից հետո ՔՊ-ականները փակուղում են հայտնվել, չգիտեն՝ ինչ խոսել, ինչպես մեկնաբանել իրենց ղեկավարի հերթական աղմկահարույց հայտարարությունները: Չնայած իշխանությունները մինչ այս ամեն կերպ հերքում էին, թե Հայաստանը նոր տարածքներ է հանձնելու, ու վստահեցնում էին, որ նոր զիջումներ չեն լինելու, բայց երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցի ժամանակ հաստատեց, որ սահմանազատում եւ սահմանագծում է իրականացվելու Տավուշում:

«Մենք տեսնում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում», – նշել էր նա։

Ավելին՝ ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հանդիպման մասնակից քաղաքացիներն էին «գաղտնազերծել», Փաշինյանը հերթական անգամ վախեցրել է տեղացիներին, թե եթե զիջումների չգնանք, Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու: Իհարկե, բնակիչները խայտառակ վատ են խոսել Փաշինյանի հետ, իրենց խոսքերով՝ «ցեխն են թաթախել ու հանել»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, իհարկե, դռնփակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պետք է աշխատեն մարդկանց հետ եւ բացատրեն, որ սահմանազատումը ենթադրելու է որոշ տարածքների հանձնում, բայց, ամեն դեպքում, ՔՊ թիմում միայն հաշված թվով մարդիկ են տիրապետում իրական վիճակին: Սրա մասին վկայում է նաեւ իշխանական պատգամավորների խուճապահար պահվածքը. երբ լրագրողները նրանց մոտենում եւ մեկնաբանություն էին ցանկանում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ, նրանք, մեղմ ասած, փախչում էին, որպեսզի խուսափեն իրենց ուղղված հարցերին պատասխանելուց: Նրանք բոլորը հավաքական իմաստով ոչ միայն պատասխանատու են այս իրավիճակի համար, այլեւ ուղղակի երկրի հանձնման գործընթացին մասնակից են՝ անկախ իրենց իմացությունից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more