▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ում այս առիթով կատակում են...

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխող կուսակցությունն օգոստոսի 22-ին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական հավաքն է անցկացրել՝ Նախաձեռնող խմբի նիստ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Քննարկել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող գործունեությունն ու դրա արդյունքները։ Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին»։

Հայտնի է, որ ՔՊ-ն հերթով «ստուգարք» է ընդունում պետական գերատեսչությունների և կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներից, խոսում են նրանց ղեկավարած կառույցների գործունեության արդյունավետության և թերացումների մասին, արդեն «քննել» են Անահիտ Ավանեսյանին, Գնել Սանոսյանին, իսկ նախօրեին, փաստորեն, հերթը Ռոմանոս Պետրոսյանինն է եղել։
Մեզ պատմեցին, որ չնայած ՔՊ-ում ստվար զանգվածներ 27/4 ռեժիմով բամբասում են Ռոմանոս Պետրոսյանից՝ համարելով, որ նա, չունենալով բարձրակարգ գիտելիքներ, պաշտոնից պաշտոն է թռչում և այժմ էլ կարևոր ու շատ պատասխանատու ոլորտ է ղեկավարում՝ ըստ էության վերահսկելով պետական բյուջեի միջոցների տնօրինումը, սակայն Ռոմանոս Պետրոսյանի գործունեության քննարկումն անցել է մեղմ և կառուցողական մթնոլորտում, քանի որ Ռոմանոսը Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկներից» է` ամենահավատարիմներից մեկը, և հինգշաբթի օրվա նիստին էլ Փաշինյանը «թևերը փռել է» Պետրոսյանի վրա, որոշ դեպքերում պատասխանել նրա փոխարեն, երբ տեսել է, որ ՊՎԾ պետն ինչ-ինչ հարցերում ոչ կոմպետենտ է և չի կարողանում որոշ հարցադրումների տակից դուրս գալ։ ՔՊ-ականները, կարելի է ասել, չեն ցանկացել ավելորդ գլխացավանքի մեջ ընկնել, չեն բմբլել Ռոմանոս Պետրոսյանին, որպեսզի չդառնան Փաշինյանի աչքի փուշը։ Պատմեցին, որ 2-3 հարց է հնչել և գրեթե նույնքան էլ՝ ելույթներ։

ՔՊ-ականները, այդուհանդերձ, մեղմորեն հասկացրել են, որ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած հիմնարկն ավելի շատ աղմկում է, քան բացահայտումներ անում՝ պետական հիմնարկների հետ կապված, և միտք է հնչել, որ երկարաշունչ հաղորդագրություններ ենք կարդում վատնումների, չարաշահումների, բյուջեն ոչ նպատակային ծախսելու վերաբերյալ, սակայն պատժվողների մասին` այդպես էլ ոչ մի խոսք։ Ռոմանոս Պետրոսյանը երկար-բարակ արդարացել է, որ իրենք իրենց աշխատանքը գերազանց կատարում են, բացահայտումներն ուղարկում են քննչական մարմիններին, որ զբաղվեն տվյալ գերատեսչությամբ և պաշտոնյաներով։ Ուղիղ ասել է, որ հենց այդ մարմիններից է պետք պահանջել, թե ինչպես է ստացվում, որ մեղավորներ ու պատժվողներ չեն լինում։

Ասել է, որ շուրջ մեկ տարի է՝ ՊՎԾ-ում, այսպես կոչված, կանխարգելիչ վարչություն է ստեղծել, որը զբաղվում և վերահսկում է գնումների ոլորտը՝ 10 մլն դրամից ավելի ծախսերը, երբ նկատում են խախտումներ, հենց ընթացքում տեղեկացնում են տվյալ գերատեսչությանը, որ շտկեն։ Ապա անհեթեթ խոստովանություն է արել, թե շուրջ մեկ տարի պայքարել է, որ ֆինանսների նախարարությունն իքս ընկերությանը սեւ ցուցակ գցի, բայց վերջում պարզել է, որ նույն այդ ընկերությունն իր ղեկավարած հիմնարկում էլ է գնման մրցույթ շահել։

Ռոմանոս Պետրոսյանը սպասվող նոր բացահայտումների մասին ոչինչ չի խոսել, ինչպես նաև վիճակագրություն չի ներկայացվել, թե որ ոլորտներում են հատկապես պետական միջոցները ոչ արդյունավետ օգտագործում կամ վատնում։

Մենք նկատել ենք, որ Ռոմանոս Պետրոսյանը գրեթե միշտ ուղեկցում է Փաշինյանին` մարզային այցերի ընթացքում։ ՔՊ-ում այս առիթով կատակում են, թե Փաշինյանը Ռոմանոսի ներկայությամբ փորձում է մարդկանց վախը բռնել, թե իբր անձամբ կարձանագրի, ապա ընթացք կտա առկա թերություններին, Ռոմանոսին էլ դրա համար է բերում, որ տեսնեն` Պետական վերահսկողական ծառայությունը բոլորին հետևում է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more