▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հեղափոխություն հանուն ՔՊ մերձակա խմբակի». այլ կերպ չի կարելի բնորոշել այն, ինչը արձանագրվում է թվերով, ավելի ճիշտ՝ թալանով, քանզի այդ բառը չարաշահելով, որպես լոզունգ օգտագործելով, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը առ այսօր երկրում բարելավել են բացառապես սեփական բարեկեցությունը։
ԱԺ ՔՊ-ական անհայտ մի պատգամավոր կա` Տիգրան Պարսիլյան: Նախկին շարքային քաղաքացի, որի կինը՝ Նվարդ Սարգսյանը Մասիս քաղաքի ավագանու անդամ է, միաժամանակ Երևանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի աշխատակից։

Բաց աղբյուրներից տեղեկացանք, որ մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը աշխատել և վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: Պպարզեցինք, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ։ Նույնպիսի թռիչքաձև աճ արձանագրվեց նաև ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կնոջ դեպքում: Նրա աշխատավարձը «Հայփոստ»-ում 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, իսկ 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։ Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկան միջին աշխատավճարը 1.8 միլիոն դրամ է: Դժբախտ թոշակառուների մասին, թերևս, ավելորդ է հիշատակել. նրանց թոշակն այս տարի ևս գեթ մեկ դրամով չի ավելանալու` «գումար չկա»։ Բայց ՔՊ-ականների համար, փաստորեն, միշտ գումար կա»:

***

«Ժողովուրդ»-ն այսօր գրել էր, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանի կինը՝ Նվարդ Սարգսյանը, ով Մասիս քաղաքի ավագանու անդամ է, միաժամանակ Երևանի Մխիթար Սեբաստացու անվան դպրոցի աշխատակից, մինչ ՔՊ-ի իշխանության գալը վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց նրա աշխատավարձը քառապատկվել է: «Պարզվում է, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ»,- գրված էր հոդվածում։
Պարսիլյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է կնոջ աշխատավարձը «քառապատկվել»․ «2022-ին եղել է երեխային խնամքի արձակուրդում, 2023-ին մտել է աշխատանքի։ Այսինքն չի ստացել աշխատավարձ, հետո ստացել է աշխատավարձ։ Նա բացի ուսուցիչ լինելուց, իրականացրել է նաև բազմաթիվ վերապատրաստման ծրագրեր, և այլն, և այլն։ Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ իմ առաջ, այլ հաշվետու է հանրության առջև։ Ես չէ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր աշխատավարձի վերաբերյալ։ Կարող է ձեր պատկերացրած ընտանիքի մոդելն այդպիսին է, բայց իմը այդպիսին չէ։ Այս հարցերը պետք է նրան ուղղեք, գործատուից ճշտեք, թե այդ աշխատավարձը ինչպես է գեներացվել, ոչ թե ինձ հարցեր տաք»,- ասաց Պարսիլյանը՝ հորդորելով անհիմն չթիրախավորել իր ընտանիքին, մանրամասները ճշտելուց հետո միայն հոդվածներ գրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more