▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորը 2019-ին տուն է գնել. ի՞նչ ունեցվածք ունի Բաքոյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ապօրինաբար լիազորություններից զրկելուց հետո հանձնաժողովի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարում է փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, որը կրթաթոշակ է ստանում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուստամ Բաքոյանը հայտարարագրել է 8 մլն 785 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 576 հազար դրամը կրթաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
8 մլն 209 հազար դրամ Բաքոյանը աշխատանքի վարձատրություն է ստանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Բաքոյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն, որը գտնվում է Արարատի մարզի Վեդի համայնքում. այն ձեռք է բերվել 2019 թվականին։ Բնակելի տան ձեռք բերման եղանակը Բաքոյանը չի նշել։ Բաքոյանն այլ անշարժ գույք չի հայտարարագրել և չի հայտարարագրել նաև տրանսպորտային միջոց։ Բաքոյանը, սակայն, հայտարարագրում նշել է, որ 90 օրից ավելի շահագործում է մեքենա, որը փաստացի իրեն չի պատկանում, այսինքն՝ մեքենա է վարում, որն իր անունով չէ:
Նա նաև Ռուսաստանում մի բնակարանի հետ է առնչվում, որի մասին մամուլը գրել էր, բայց էլի ոչինչ չկա իր անունով պաշտոնապես: Բաքոյանի բանկային դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն 185 հազար դրամ, սակայն տարեվերջին դրանք զրոյացել են։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 18 հազար ԱՄՆ դոլար և 23 մլն դրամ։

Բաքոյանի հայրը՝ Քուպար Բաքոյանը, հայտարարագրել է անհատական բնակելի տուն Արարատի մարզի Նոր Կյանք համայնքում։ Հոր կանխիկ դրամական միջոցները կազմել են 24 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 442 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մայրը՝ Զուրբա Բաքոյանը, հայտարարագրել է նույն բնակարանը, ինչ որ որդին։

Մոր տարեկան եկամուտները կազմել են 451 հազար դրամ, որը կենսաթոշակ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք նաև, որ Բաքոյանը հայտնի է իր իմպուլսիվ բնավորությամբ. պարբերաբար կռիվների ու կրիմինալ պատմությունների կիզակետում է հայտնվում: Անգամ նրա քաղաքացիական կինը հրապարակավ հայտարարեց, որ պատգամավոր Բաքոյանը իրեն պարբերաբար ծեծել է և գումար պահանջել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more