▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի

Երևանի «Փյունիկը» նոր սեփականատեր ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկ» ՖԱ-ի ղեկավարությունը ուղերձ է հղել երկրպագուներին, որտեղ մասնավորապես ասվում է․

««Փյունիկը» ՖԱ-ն թևակոխում է նոր ժամանակաշրջան։ Ակումբը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս գործարքը կնքվել է փոխադարձ հարգանքի, բարեկամության և ակումբի ապագայի ընդհանուր տեսլականի մթնոլորտում, որն արտացոլում է համագործակցության և միասնության արժեքները, որոնցով հպարտանում է «Փյունիկ» ՖԱ-ն:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արթուր Սողոմոնյանին և նախկին սեփականատերերին երկար տարիների նվիրումի և ակումբի զարգացման գործում մեծ ներդրման համար ավելի քան 30 տարիների ընթացքում։ Արթուր Արշամի Սողոմոնյանը կշարունակի մնալ «Փյունիկ» ՖԱ-ի ընտանիքի մասը՝ աջակցելով ակումբի ակադեմիային և կազմակերպելով մեր թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։ Խորհրդականի պաշտոնում նա կապահովի կառավարման սահուն անցումը` ներդնելով իր անգնահատելի փորձն ու աջակցությունն ակումբի և նրա երիտասարդ տաղանդների համար պայծառ ապագա կառուցելու գործում:

Մենք հպարտանում ենք, որ «Փյունիկը» ՖԱ-ն հայկական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր և ուժեղագույն ակումբն է, որին աջակցում են հազարավոր հավատարիմ երկրպագուներ: Մեր հավակնոտ նպատակները մնում են անփոփոխ՝ նվաճել չեմպիոնական տիտղոսներ և Հայաստանի գավաթը, հաջող ելույթներ ունենալ եվրոպական մրցաշարերում և զարգացնել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին։ Մեր նպատակն է, որ այդ տաղանդները դառնան «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր թիմի և Հայաստանի ազգային հավաքականի անբաժանելի մասը:

Մեր ջանքերն ուղղված են լինելու ակումբի ակադեմիայի զարգացմանը, ուժեղ հիմնական թիմ ստեղծելուն և վարչական ներուժի ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ անցյալի ավանդույթների և ապագայի հեռանկարների միջև համագործակցությունը թույլ կտա «Փյունիկ» ՖԱ-ին շարունակել իր զարգացումը և բացել նոր հորիզոններ:

Մենք հատկապես կարևորում ենք ակումբի նոր սեփականատիրոջն՝ Անտոն Ֆարբերին։ Անտոնն Իսպանիայի քաղաքացի է, երկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է: Անտոնն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը, որոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի։

Երկրպագուները միշտ եղել և մնում են մեր ակումբի սիրտը։ Վստահ ենք, որ միասին կշարունակենք փառավոր էջեր գրել «Փյունիկ» ՖԱ-ի պատմության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային ասպարեզում։

Շնորհակալություն աջակցության և վստահության համար։ Միասին մենք կարող ենք հասնել շատ բարձունքների։ «Առա՛ջ, «Փյունիկ»»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more