Իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը. Անդրանիկ Թևանյանը՝ Փաշինյանի մասին
«Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել։ Իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը։ Փաստացի ինքը հրահանգներ է տալիս իրավապահ կոչված համակարգին, ցուցումներ է տալիս, թե ում պետք է կալանավորել, ում դեմ գործ հարուցել, և այս ամենը տեղի է ունենում ուղիղ եթերի ռեժիմով»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Անդրանիկ Թևանյանը` տեսանյութին կից գրելով՝ Պետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ։
***
Ավելի վաղ, Վանաձորում հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ վաղը ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի։
«Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի 2-րդ համար կա՝ Անդրանիկ Թևանյան անունով։ Վաղը Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե՝ ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ հարուցվի՝ հայրենիքի դավաճանության հոդվածով։
Այս լրտեսական ցանցը մենք ի վերջո արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից»,- ասել է Փաշինյանը։


