▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը սեպտեմբերի 1-ին Կիրանց կգնա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի մեկին այցելելու է Կիրանց գյուղ:

Կիրանցի բնակիչները մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է գյուղի Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցի բացմանը, որը Փաշինյանի իշխանության օրոք դարձել է սահմանամերձ եւ թշնամու կողմից մոտ դիտարկելի: Գյուղի բնակիչներից շատերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ գյուղում 5 առաջին դասարանցի կա, որոնց մի մասը դպրոց չի հաճախելու հայրենի գյուղում, քանի որ ծնողները խիստ մտահոգ են. դպրոցը նոր գծված սահմանից ընդամենը 40-50 մետր հեռավորության վրա է ու ադրբեջանցի սահմանապահների թիրախում:
Փաշինյանը, սակայն, գնալու է իր քաղաքական դիվիդենտները շահելու, թե դպրոցի բացման է մասնակցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե հարկ լինի, բնակիչներից ներողություն խնդրելով՝ Կիրանցում նոր դպրոց կկառուցեն. «Մենք պատրաստ ենք անվտանգության հավելյալ միջոցներ գործադրել նոր դպրոցը շահագործելու համար, բայց եթե հավելյալ անվտանգային միջոցներից հետո էլ տեղի բնակիչները հարմար չգտնեն երեխաներին այդ դպրոց ուղարկել, մենք պատրաստ ենք կառուցել նոր դպրոց, իսկ այդ շենքը ծառայեցնել այլ նպատակի»:

Հիշեցնենք նաև, որ նույն դպրոցի մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում խոսելով՝ Փաշինյանը հայտարարել էր, թե անվտանգության նկատառումներից ելնելով՝ ծառ կտնկեն դպրոցի տարածքում»:

***

«Հրապարակ»-ը գրում է․ «Օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները Դիլիջանում երկօրյա աշխատաժողովից հետո, ինչպեսև գրել էինք, այցելել են Կիրանց, որպեսզի տեսնեն «փառահեղ սահմանազատումը»: Սակայն այցը հարթ չի ընթացել։ Չնայած ԱԳՆ-ն Կիրանցի համայնքապետարանին նախապես չի տեղեկացրել այցի մասին, որոշել են անսպասելի այցելել, որ մարդիկ չիմանան՝ հույս ունենալով, որ կխուսափեն տհաճ միջադեպերից, սակայն մեզ պատմեցին, որ Արարատ Միրզոյանին և դիվկորպուսի ներկայացուցիչներին «ըստ արժանվույն» են դիմավորել։ Դեսպանները եղել են սահմանին և փոքր-ինչ խորացել են գյուղամեջ։

Չնայած Կիրանցի հյուրերը գյուղ են ժամանել ՆԳՆ մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք փորձել են նախապես «մաքրել» նրանց ճանապարհը, սակայն կիրանցցիներից ոմանք, տեղեկանալով այս ներկայացուցչական այցի մասին, հյուրերին ընդառաջ են գնացել: Դպրոցի ճանապարհին գյուղի բնակիչներից մեկը, որին թույլ չեն տվել մոտենալ դեսպաններին, բղավել է՝ «Փաշօղլուի ստրուկներ», իշխանությունների հասցեին այլ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել։ Մեկ ուրիշն էլ գյուղամիջում է բողոքել։

ԱԳՆ-ն պաշտոնապես հաղորդեց. «ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված եւ ընթացիկ աշխատանքների մանրամասները»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more