Փաշինյանը այսօր հերթական անգամ ստեց, ասում է, թե 1994 թվականից սկսած բանակցութուններ են ընթացել Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ: Այս մասին իր տիկտոկյան էջում հրապարակված տեսանյութում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի առավոտյան արված գրառմանը:
«Սա սուտ է, ոչ թե որ ես այդպես եմ ասում, կամ այդպես եմ ենթադրում, այլ փաստերով ապացուցված է, որ բանակցությունները մշտապես ընթացել են կամ Արցախը Հայայստանին միանալու շուրջ, կամ Արցախի անկախացման շուրջ: Սա փաստ է, որը չի կարող հերքել ոչ ոք: Օրինակ Քիվեսթյան փաստաթղթերով Արցախը միանում էր Հայաստանին, իսկ Մադրիդյան սկզբունքներով Արցախն անկախանում էր հանրաքվեի միջոցով: Այս ամենի մասին գիտի Փաշինյանը, բայց շարունակում է ստել՝ փորձելով ինքն իրեն արդարացնել Արցախի կորստի համար, հազարավոր զոհերի համար: Ինչո՞ւ է նա դա անում, որովհետեւ նա գիտի, որ մեր հայրենակիցների մեծ մասը շարունակում է հավատալ իր ստերին: Լինենք տեղեկացված եւ չտրվենք սրանց քարոզչական ստերին»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր Փաշինյանը հայտարարել էր, որ 1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Նա ավելի ուշ այս թեմայի շուրջ ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել նախկին նախագահներին: