▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է ՍՊԸ-ի սեփականատերը, որ պետբյուջե չի վճարել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք:

«Այսպես, օպերատիվ տեղեկություններ էին ձեռք բերվել առ այն, որ ցինկապատ և պոլիմերային ծածկույթով թիթեղյա տանիքի ծածկերի, ջրատար խողովակների, գիպսակարդոնի ցինկապատ պրոֆիլների, անկյունակների և մի շարք շինարարական նշանակության արտադրանքների արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող ՍՊ ընկերությունն իրեն պատկանող առևտրի սրահներում չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, դուրս չի գրում համապատասխան հաշվարկային փաստաթղթեր, ինչի արդյունքում թերհայտարարագրում է իրացման իրական շրջանառությունը, չի հաշվարկում և պետական բյուջե չի վճարում առանձնապես խոշոր չափերի հարկեր:

Ստացված տեղեկությունն իրացնելու նպատակով՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն իրականացրել են լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ տվյալ ընկերությունը 2014-2024 թվականների ընթացքում թաքցրել է շուրջ 27.5 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն: Արդյունքում, չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 8.2 մլրդ. դրամի հարկեր։

Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով 2025թվականիի հունվարի 27-ին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախախաձեռնվել է քրեական վարույթ: Իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարույթային գործողությունների շրջանակում, ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր։

Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են` դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու նպատակով։

ՊԵԿ-ը տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ հարկային հաշվարկներում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ-Ֆ հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու ուղղությամբ»,- ասվում է հղորդագրության մեջ, սակայն չի նշվում ոչ տվյալ ընկերության, ոչ էլ սեփականատիրոջ անունը։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more